Ըստ «Ասպարեզի»՝ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունն ընդարձակում է ներկայությունը Սյունիքի մարզում․ Գորիսում արդեն գործող գրասենյակին կավելանա Կապանի նորաբաց կենտրոնը: Նոր գրասենյակի բացման արարողությանը մասնակցել են Եվրոպական միության անդամ երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ եւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշել է, որ մինչեւ այս պահը երեք կետեր ունեին` Մարտունիում, Ջերմուկում եւ Գորիսում, իսկ հիմա կավելանա Կապանինը: Առաջիկայում կետեր կբացվեն նաեւ Իջեւանում եւ Եղեգնաձորում: Նա հույս է հայտնել, որ Կապանի կենտրոնի բացումը դրական անդրադարձ պիտի ունենա խաղաղության գործընթացի վրա, որի ուղղությամբ ջանքեր է տանում Եվրոպական միությունը, եւ պիտի բարձրացնի ապահովության զգացումը Սյունիքի մարզի բնակչության շրջանում:
«Կապանի կետը տեղակայված է Սյունիքի մարզում, որ շատ կարեւոր է մեր առաքելության համար` նկատի ունենալով մարզի ռազմավարական դիրքը»,- հայտնել է Ռիտերը: