Ըստ ֆիննական Yle պարբերականի՝ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունում ակնկալում են, որ Ռուսաստանում զորակոչի մասին օրենսդրության խստացումից հետո Ռուսաստանի Դաշնությունից փախչել ցանկացողների թիվը կավելանա։ Ֆինլանդիայի հարավարեւելյան սահմանապահ ծառայության հրամանատարի տեղակալ Յուկի Լուկկարին նշել է, որ ներռուսական գործընթացներն այսպես թե այնպես կանդրադառնան սահմանի անցուդարձի վրա: Սահմանի անօրինական հատման վտանգը եւս կաճի։
Լուկկարին նշել է, որ սահմանապահները պատրաստվում են սահմանին հնարավոր փոփոխությունների: Սահմանապահ ծառայության հրամանատարի տեղակալը հավելել է, որ Ռուսաստանի սահմանին իր ծառայության ընթացքում շատ փոփոխություններ են տեղի ունեցել, բայց միշտ դժվար է եղել կանխատեսել, թե դա ինչպես կանդրադառնա սահմանի վրա։ Այս ամռանը հարավարեւելյան սահմանին գրանցվել է 11 ապօրինի հատում, դրանցից 7-ը Ռուսաստանից Ֆինլանդիա փախչողներ են։
Անցյալ ամիս Ռուսաստանում ընդունվեց օրենք, որով Ռուսաստանում զորակոչային տարիքն այսուհետեւ կլինի 18-30 տարեկանը, միաժամանակ ծանուցում ստացած անձանց արգելվում է լքել երկիրը։ Ֆինլանդիա ռուսների մուտքի սահմանափակումները գործում էին դեռ անցյալ տարվա սեպտեմբերից՝ ռուսների զորակոչի երկրորդ ալիքի ֆոնին, իսկ հուլիսին Ֆինլանդիայի կառավարությունն էլ ավելի խստացրեց այդ քայլերը։