Օգոստոսի 1-ից Հայաստանում գործում է աշխատանքային նոր՝ լրափոխված օրենսգիրքը: Ըստ օրենքի՝ պետությունը երաշխավորում է աշխատողների եւ գործատուների իրավունքների ու շահերի պաշտպանությունը:
Փաստաբանական պալատի անդամ Թամարա Յայլոյանն ասում է՝ գրեթե բոլոր օրենքներն էլ լավն են, եթե պահպանվում են: Բարեփոխված օրենսգրքի դրական կետերից մեկն է մատնանշում. նոր օրենքը պարտադրում է գործատուին, որ աշխատանքի ընդունած քաղաքացուն մանրամասնորեն ծանոթացնի իր իրավունքներին, պարտականություններին եւ պաշտոնի՝ անձնագրով սահմանված աշխատանքի նկարագրությանը:
Օրենքն ասում է, բայց ասողին լսող է պետք: Որքան էլ աշխատանքային օրենք փոխվի, միեւնույնն է, անձը պետք է պաշտպանի իրեն՝ լավ իմանալով իր իրավունքներն ու պարտականությունները:
Փաստաբանն իր փորձից ու պաշտպանյալների գործերի բնույթից հանգել է եզրակացության, որ գործատուն գրեթե միշտ կարողանում է շրջանցել օրենքը եւ օգտագործել ի նպաստ իրեն: «Եթե գործատուն ցանկություն չունի որեւէ մեկի հետ աշխատելու եւ ուզում է աշխատանքից ազատել, ապա նա կարող է դա անել անկախ ամեն ինչից»,- ասում է Յայլոյանն ու օրինակ բերում. մի գործ է ունեցել, երբ գրադարանավարը հանձնարարված միջոցառումը տնօրենի կարծիքով պատշաճ չի կատարել, ինչը դարձել է նրան աշխատանքից ազատելու հիմք:
Թե ինչ չափանիշով է գնահատվում գրադարանի աշխատողի կազմակերպած միջոցառումը, ոչ ոք չգիտի: Պայմանագրում չկա կետ, որը մանրամասնի աշխատանքի բնույթն ու կոնկրետ փաստագրված պահանջը: «Երբ մեզ դիմած քաղաքացուց պայմանագրի իր օրինակն ենք ուզում, ճնշող մեծամասնությունը չունի: Աշխատողը պետք է հասկանա, որ պայմանագրի իր օրինակը ոչ թե միայն պետք է ունենա, այլեւ հաճախակի կարդա՝ հասկանալու համար՝ հանձնարարված աշխատանքն իր պարտականությո՞ւնն է, թե՞ գործատուի քմահաճույքը»,- ասում է փաստաբանը:
Փաստաբանական պալատի անդամ Գայանե Գեւորգյանը եւս վստահեցնում է, որ նոր աշխատանքային օրենսգիրքը, ինչպես եւ նախորդը, լավն է՝ չնայած մի քանի բացերին:
Փոփոխված տարբերակից քաղաքացու կյանքը դժվարացնող կետ է առանձնացրել. եթե նախորդ օրենքով մինչեւ դատարան մտնելը որոշակի փուլեր ու արտադատարանական գործընթացներ կային, այժմ գործատուի եւ աշխատողի վեճը հարթվում է միայն դատարանում: Որ աշխատանքային իրավունքը վերականգնելու համար քաղաքացին դատավորի խիստ պակաս ունեցող դատարան կդիմի, քաշքշուկի մեջ կհայտնվի, քիչ հավանական է: Ստիպված համակերպվում են իրավիճակին, հաղթողի «դափնին» էլ գրեթե միշտ գործատուին է բաժին հասնում:
«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի եւ դերի հզորացում հանուն աշխատանքային իրավունքների եւ սոցիալական պաշտպանության» ծրագիրը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ համագործակցելով, աշխատանքային իրավունքի ընկալման նոր նշաձող է սահմանում քաղաքացիների շրջանում, հատկապես՝ Շիրակի մարզում:
Ակումբի ուշադրության կենտրոնում է գործատուի կամայականությանը զոհ դարձած հերթական «համարձակ» քաղաքացու խնդիրը:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Աննա Մակարյանը դատական վեճի մեջ է գործատուի հետ: Այս տարվա փետրվարին ենթարկվել է կարգապահական տույժի, նկատողություն ստացել:
Աննան համապատասխան մարմիններից թույլտվություն է ստացել այցելելու Գավառի մանկատուն, ծանոթանալու ապագա զավակի հետ: Նույն օրը դիմել է 5 աշխատանքային օր արձակուրդ ստանալու համար, բայց մերժվել է՝ արձակուրդի կարճ լինելու պատճառաբանությամբ: Նա երկրորդ դիմումով խնդրել է ոչ թե մասնակի, այլ ամբողջ արձակուրդի համար, կրկին մերժվել է՝ այս անգամ էլ այն պատճառաբանությամբ, որ գրաֆիկը նախապես պետք է կազմվեր: Աննան կրկին գրավոր դիմել է տնօրենին, որ չորս ժամ մանկատանը լինելու նպատակով բացակայությունը հարգելի համարվի կամ գանձվի աշխատավարձից:
Բազմաթիվ փաստաթղթերը, մանկատնից տեղեկանքը, որ տվյալ ժամին այնտեղ է եղել, տնօրենի համար բավարար չեն եղել: Գիտաշխատողը նկատողություն է ստացել: Իսկ նկատողություն ունենալը որդեգիր ընտանիք դառնալուն կարող է խոչընդոտել:
Նկատողությունն ու վարչական վարույթը չեղարկելու համար գործն այժմ դատարանում է:
Թամարա Յայլոյանն ասում է՝ օրենքը պետք է գործի ի շահ մարդու: Պետությունը խրախուսում է որդեգրող ընտանիքին, նախատեսում ազատ ժամեր տրամադրել որդեգրման գործընթացի համար: Ըստ փաստաբանի՝ գործատուն հաշվի չի առել նաեւ բացակայությունը հիմնավորող փաստաթղթերը, ուստի դատական վեճը կլուծվի հայցվորի օգտին:
Փաստաբանները վստահեցնում են, որ գործատուի համար սովորական է մեկ հաստիքի տակ մի քանի հոգու աշխատանք անել տալը: Հակառակվելու դեպքում էլ դուռն են ցույց տալիս: Երբ հարցը հասնում է իրավունքը պաշտպանելուն, աշխատողը լրիվ մենակ է: Գործընկերներն «անցնում են տնօրենի կողմը», անգամ պարզ հարցերում դատարանում վկայություն չեն տալիս:
Աշխատանքային խախտված իրավունքը պաշտպանելու համար դիմե՞լ դատարան, թե՞ չդիմել… սա է խնդիրը:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։