Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ երկրում գործող Selfie Mobile (նախկին Beeline — խմբ.) բջջային օպերատորի օգտատերերը կկարողանան օգտվել 5G ինտերնետից։ 5G տեխնոլոգիաների ներդրման գործընթացը սկսվել է։
Selfie-ն ֆիննական Nokia տեխնոլոգիական հսկայի հետ համատեղ երեքից հինգ տարվա ընթացքում կներդնի հինգերորդ սերնդի ինտերնետ տեխնոլոգիան եւ այդ ուղղությամբ կծախսի տասնյակ միլիոնավոր դոլարներ։
Տնօրեն Վասիլ Բերիշվիլին նշել է, որ համաձայնագրի համաձայն՝ Nokia-ն ոչ միայն կկառուցի նոր բազային կայաններ, այլեւ կարդիականացնի գոյություն ունեցողները, այդպիսով Selfie-ի բաժանորդները 5G ինտերնետի հետ կստանան ավելի լավ 4G կապ։ Ըստ տնօրենի՝ Selfie-ի օգտատերերը ծառայության բարելավման առաջին արդյունքները կզգան մինչեւ տարեվերջ։