Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր։ «Սպուտնիկ Արմենիա»-ի տեղեկություններով՝ ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։ Գործարանի տնօրինությունը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը՝ չցանկանալով մեկնաբանել այն։
Մետալուրգիական գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանն ավելի վաղ հայտնել էր, որ գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։ Դրանց իրականացման ցանկացած փորձի դեպքում շինհրապարակում գտնվող աշխատողներն անմիջապես հայտնվում են Ադրբեջանի զինուժի ուղիղ թիրախում։
Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատերերը ամերիկյան «Վիրտուալ ֆոնդինգ» եւ «ՍԻԷՍԻ գլոբալ ինվեսթմենթս» ընկերություններն են։ Հուլիսի 14-ին նրանք համատեղ հայտարարությամբ դիմել էին Ադրբեջանին` զգուշացնելով, որ եթե Ադրբեջանը կրկին կրակի անզեն բանվորերի ուղղությամբ, իրենք դա կդիտարկեն ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ։