Շիրակի մարզը մեկ օրից ռեկորդային թվով հյուրեր կընդունի: Համահայկական ամառային 8-րդ խաղերի հազարավոր մասնակիցներից ու հյուրերից բացի արդեն Գյումրիում են շուրջ 600 կամավորներ Հայաստանից եւ արտերկրից:
Համահայկական խաղերի կոմիտեն տեղեկացնում է, որ կամավորներն այս օրերին Գյումրիում օգնում են խաղերի կազմակերպիչներին դասավորել, հարդարել ու կարգի բերել «Շիրակ» մարզադաշտը, որտեղ տեղի է ունենալու Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը։
«Պատրաստվում ենք շքերթին, դասավորումներ ու աշխատանքի բաժանում է կատարվում, կամավորների մի մասը «Զզվարթնոց» օդանավակայանում դիմավորում է հյուրերին ու ճանապարհում նրանց իրենց կեցավայր, հաստատում են կապ նրանց հետ ու որեւէ խնդրի դեպքում օգնում», — ասում է Կամավորների խմբի ղեկավար Սեւակ Կարապետյանը։
Նա նշեց, որ երիտասարդ կամավորները մեծ նվիրվածությամբ են աջակցում Համահայկական խաղերի անցկացմանը։ Նրանցից մի քանիսը Սփյուռքից են։
«Կամավորները, միայն տեսնեք, ինչ ուրախ են, մոտիվացված, նրանց միավորել է Համահայկական խաղերի միասնականության գաղափարը», — ասում է Սեւակ Կարապետյանը:
Նշենք, որ այս օրերին մարզում ազատ հյուրանոց կամ հյուրատուն գտնելն անհնար է դարձել, եղածների գինն էլ աստղաբաշխական է: Գյումրիում հյուրանոցատերերը ծառայության գինն ավելացրել են ոչ ավելի, ոչ պակաս՝ 3 անգամ: