Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Դիսնեյը» Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) բողոքի հիման վրա չեղարկել է «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունը:
Այս առիթով Թուրքիայում մեծ դժգոհության ալիք է բարձրացել` ընդհուպ պետական մակարդակում սպառնալիքների, թե սա կխոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
Թուրքիայի հայկական հիմնադրամների (վաքըֆների) միության ղեկավար Պետրոս Շիրինօղլուն «Ժամանակ» օրաթերթում անդրադարձել է իրավիճակին` նշելով, որ Թուրքիայում «Մեծն Աթաթուրքի» մասին պատմող ֆիլմի ցուցադրության չեղարկման շուրջ արդարացիորեն դժգոհություն է առաջացել: Շիրինօղլուն հայտնել է, որ այս իրադարձությունը երկրի ներսում կապվում է նաև Թուրքիայի հայ համայնքի անվան հետ, ինչի համար հայ համայնքն այս իրավիճակին ավելի ուշադիր է հետեւում:
«Թուրքիայի հայ համայնքն այս քայլը խիստ վիճելի է համարում ժողովրդավարության, փոխադարձ հարգանքի եւ խոսքի ազատության տեսանկյունից, քանի որ ակնհայտ է, որ արվեստի դրսեւորումները ցանկացած բարդ ժամանակաշրջանում հասարակությունների միջեւ երկխոսության եւ ապրումակցման հող կարող են նախապատրաստել։ Հայ համայնքը կարող է վկայել, որ այդ վերաբերմունքն անհամատեղելի է մեր երկրի արժեքների և մեր պետության երաշխիքի ներքո համակեցության մեր ավանդույթի հետ»։
«ԱՄՆ-ում գործող հայկական կառույցներին ու կազմակերպություններին, ինչպես նաև միջազգային լրատվամիջոցներին կոչ ենք անում աջակցելու Հայաստանի եւ Թուրքիայի միջև ընթացող կարգավորման գործընթացին եւ դրան նպաստելու համար ավելի պատասխանատու լինելու»,- հավելել է Շիրինօղլուն:
Ըստ «Ժամանակ» օրաթերթի՝ Թուրքիայի հեռուստատեսության եւ ռադիոյի բարձրագույն խորհուրդը պատասխան է պահանջել խնդրո առարկա հարթակի Թուրքիայի ներկայացուցչությունից։
«Ժամանակ»-ը, հղում անելով թուրքական մամուլին, հաղորդում է «The Walt Disney Company Türkiye»-ի ընդհանուր տնօրեն Ջենք Սոների հայտարարություններն այն մասին, որ ֆիլմաշարը՝ երկու ֆիլմի ձեւաչափով, առաջիկա հոկտեմբերի 29-ին՝ Հանրապետության տոնի օրը, պետք է հեռարձակվի թուրքական հեռուստակայաններից մեկով։ Ցուցադրություններ են լինելու նաեւ կինոթատրոններում։