ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը օգոստոսի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ՀՀ ամբողջ տարածքում հունվար–հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 85-ով ավելի հրդեհ։ Նա նշել է, որ 2022-ին գրանցվել է հրդեհի 2879, իսկ 2023-ին՝ 2964 դեպք։ Զգալի աճը գրանցվել է հունվարին եւ մարտին, իսկ հունիսին հրդեհները զգալիորեն նվազել են 168-ով, ապրիլին` 220-ով։
Բարձրաստիճան փրկարարը նշել է նաեւ, որ 2022 եւ 2023 թվականների հունվար–հուլիսին հանրապետությունում բուսածածկ տարածքներում եւ անասնակերերի պահեստներում հրդեհի քանակի աճ է գրանցվել` 15-ական դեպքով։ Աղբի հրդեհվելու դեպքերը 61-ով են ավելացել, իսկ տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները` 31-ով։ Ըստ Մկրտչյանի՝ ի հակադրություն վերոնշյալ տվյալների, 51-ով նվազել են բնակելի շենք-շինություններում, առանձնատներում, իսկ 11-ով` ավտոտնակներում բռնկված հրդեհները։