Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ իրանական Karzar.net կայքում մեկնարկել է ստորագրահավաք, որը դատապարտում է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, եւ կոչ է անում քայլեր ձեռնարկելու Արցախում հումանիտար աղետը կանխելու ուղղությամբ։
Ստորագրահավաքի նախաձեռնող «Անահիտ» գիտամշակութային եւ գրական հանդեսի խմբագրական խորհրդի քարտուղար Աբբաս Էղբալ Մեհրանը հայտարարության տեքստում նշել է․ «Հարեւան երկիր Իրանը ցավ է ապրում՝ տեսնելով տեղի ունեցող վերջին իրադարձությունները։ Բաքվի հանրապետության կողմից միանգամայն կեղծ պատճառներով Արցախում բնակվող 120 000 հայերի ապօրինի շրջափակումը փաստում է, որ այդ երկիրը իրականացնում է պետականորեն կազմակերպված եւ ծրագրված ցեղասպանություն»,-նշում են հայտարարության հեղինակները:
Նշվում է, որ Արցախի շրջանում սննդամթերքի բացակայությունը, դեղորայքի եւ բժշկական սարքավորումների պակասը, տեղի 2000 հղի կանանց եւ 30 հազար երեխաների շրջափակումը փաստում են, որ Բաքուն ակնհայտորեն անտեսում է միջազգային պայմանագրերը եւ հայտարարությունները։
«Այս առումով ցանկացած ձախողում կհանգեցնի 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հայերի ցեղասպանության կրկնությանը»,- ասված է հայտարությունում։