Օգոստոսի 4-20-ը Գյումրիում կանցկացվի ժամանակակից արվեստի միջազգային Gyumri Art Week փառատոնը: Միջոցառումը Գյումրիում է մեկտեղել բազմաթիվ ճանաչված արվեստագետների ամբողջ աշխարհից:
Ծրագրի շրջանակում լինելու են ժամանակակից արվեստային մի քանի նախագծեր՝ ցուցահանդեսներ, ներկայացումներ, վիդեոարտ, ինստալյացիաներ, համերգներ, ճանաչողական էքսկուրսիաներ արտ-ստուդիաներում, պանելային քննարկումներ եւ այլն:
Երկրորդ տարին Գյումրիում անցկացվող միջազգային Gyumri Art Week-ը կազմակերպել են «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը», «5-րդ հարկ» մշակութային խումբը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «Բեռլին արտ» հոթելը, աջակցել է CYLAND Media Art Lab-ը:
Մինչեւ փառատոնի հանդիսավոր բացումը կազմակերպիչները մամուլի ասուլիսով հանդես եկան, ներկայացրին առաջիկա օրերի հագեցած ծրագրերը:
Gyumri Art Week-ի հիմնադիր, արվեստագետ Սարգիս Հովհաննիսյանն ասաց, որ նման փառատոն անցկացվում է Վիեննայում, Բեռլինում եւ մշակութային այլ խոշոր քաղաքներում: Օրինակը վերցրել են, տեղայնացրել եւ երկրորդ տարին է՝ հաջողությամբ իրագործում են: Արվեստի տոնը, սակայն, Գյումրու սահմաններից դուրս են հանել: Միջազգային ճանաչում եւ հռչակ ունեցող արվեստագետները Գյումրիից բացի վարպետության բաց դասեր կանեն Երեւանի, Օձունի, Ստեփանավանի երիտասարդների համար՝ իրենց իսկ համայնքներում:
Նկարիչ, արվեստագետ, փառատոնի կազմակերպիչ Վահագն Ղուկասյանը շեշտեց, որ երկրորդ Gyumri Art Week-ը ոչ թե միայն տեղի ուժերով, այլեւ համաշխարհային փորձով ու մասնագետներով է իրագործվում, ինչի շնորհիվ միջմշակութային համագործակցությունը խոսքից անցել է գործնականի:
Գյումրու Gallery 25 մշակութային կենտրոնի հիմնադիր, Gyumri Art Week-ի կազմակերպիչ Ալեքսան Տեր-Մինասյանը շնորհավորեց մասնակիցներին եւ շարունակականություն մաղթեց փառատոնին: «Գյումրին քաղաք է, որը կրում է ժամանակակից արվեստի բրենդը: Նման արվեստի հրավառության կարիք կար քաղաքում, եւ բացը պետք է լրացվեր: Այս նախագիծը կայացավ եւ ճիշտ ուղղություն է բռնել»,- ասաց Տեր-Մինասյանը:
Նա կոչ արեց իշխանությանը, որ ավելի ակտիվ մասնակցեն այս նախաձեռնությանը: Հիշեցրեց. ստեղծագործ մարդ ձեւավորելն ամենակարեւոր աշխատանքն է, ժամանակակից արվեստն էլ՝ դրա ամենակարճ ճանապարհը:
Փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա օգոստոսի 4-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։