Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն իր մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանի միջոցով Միավորված ազգերի կազմակերպությանն ու քաղաքակիրթ աշխարհին կոչ է արել միջամտելու, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի։ Իր ուղերձում նա հիշեցրել է, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է ծանր հումանիտար ճգնաժամ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով:
Աբրահամը նշել է նաեւ, որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ ամբողջ աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհն է: «120.000 անմեղ քաղաքացիական բնակչությունը պայքարում է գոյատեւման համար՝ սննդամթերքի, դեղորայքի եւ այլ կենսական անհրաժեշտության պարագաների բացակայության պայմաններում»,– ասել է նա:
Բռնցքամարտիկն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխա, 20 հազար տարեց, 9000 հաշմանդամություն ունեցող անձ եւ 2000 հղի կին օգնության կոչ են անում, սակայն աշխարհը լռում է: Նա հայտնել է, որ մարդկանց սովի մատնելու այս քայլը մարդասիրական աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: