Դատարկված փողոցներ, կրակոցների ձայներ ու, միաժամանակ, անսովոր լռություն․ այսպիսին էր Հայաստանի առողջարանային ամենահայտնի քաղաքը՝ Ջերմուկը, շուրջ մեկ տարի առաջ՝ 2022-ի սեպտեմբերի երկրորդ կեսին։
Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով ամբողջությամբ դադարել էր քաղաքի զբոսաշրջային կյանքը։ Մեկ տարի անց Ջերմուկի զբոսաշրջային ներուժը թեեւ բավականաչափ վերականգնվել է, սակայն որոշ խնդիրներ շարունակում են արդիական մնալ։ Սեպտեմբերյան ագրեսիայից հետո այցելուների թիվը բավականաչափ նվազել է։ Այժմ էլ հյուրերի պակաս չկա, բայց նույն եռուզեռը չէ։
«Թվային տվյալներ այս պահին չկան, բայց մոտավոր հաշվարկով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարի այցելուների թվի նվազում է գրանցվել։ Որպեսզի լավ պատկերացնեք՝ Ջերմուկում մինչեւ սեպտեմբերյան ագրեսիան օգոստոսին ոչ մի հյուրանոց, հյուրատուն կամ առողջարան ազատ համարներ չի ունեցել։ Զբոսաշրջիկերին վարձակալությամբ են տրվել նաեւ բազմաթիվ բնակարաններ»,- Ջերմուկի համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են «Ալիք Մեդիա»-ին։
Համայնքապետարանի աշխատակիցը նշում է, որ մարզի ու քաղաքի սահմանային իրավիճակի եւ անվտանգային խնդիրների վրա որոշակի բացասական ազդեցություն թողնում է նաեւ ապատեղեկատվության տարածումը։
Սրա հետեւանքով մարդիկ տարակուսում են՝ արդյո՞ք կարելի է այցելել Ջերմուկ, թե՞ վտանգավոր է։ Համայնքապետարանն ամենօրյա ռեժիմով տեղեկություններ է տրամադրում քաղաքի վերաբերյալ՝ հիշեցնելով, որ այնտեղ ակտիվորեն անցկացվում են միջոցառումներ եւ փառատոներ։ Քաղաքը «շնչում է»։
Տեղեկատվական արշավների հարցում ամենաակատիվը Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնն է։ Այն իր երկու նորաստեղծ նախաձեռնություններով՝ «Արի՛ Ջերմուկ» եւ «Բացահայտի՛ր Ջերմուկը» մարքեթինգային արշավներով, աշխարհին պատմում է հայաստանյան առողջարանային քաղաքի մասին։ Հարթակներից առաջինը՝ տեղական, երկրորդը օտարալեզու լսարանի համար է։ Թիմում աշխատում են գովազդի, օտար լեզուների մասնագետներ, լուսանկարիչներ։
«Պատմում ենք մեր քաղաքի մասին, ներկայացնում դրա գրավչությունը, տեսարժան վայրերը։ Համագործակցելով տեղի բիզնեսների հետ՝ հյուրերին հասանելի տեղեկություններ ենք տրամադրում, թե ինչ է առաջարկում քաղաքը, ինչից ու ինչպես կարող են օգտվել»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ներկայացնում է Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր-տնօրեն Նարեկ Միրզոյանը՝ ընդգծելով, որ նշված հարթակները ամենահայտնին ու այցելվողն են թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրի հյուրերի շրջանում։
Ջերմուկի բոլոր բնակիչներն այս կամ այն կերպ առնչություն ունեն զբոսաշրջությանը։ Նրանց մի մասն աշխատում է քաղաքի հյուրանոցներում ու առողջարաններում, շատերը մատակարարում են այդ կառույցների սնունդն ու մյուս անհրաժեշտ պարագաները, բազմաթիվ ջերմուկցիներ էլ տեսարժան վայրերին հարակից փոքրիկ շուկաներում վաճառում են տարբեր խոտաբույսեր կամ հուշանվերներ։
Վերականգնման փուլը դժվար է հատկապես փոքր բիզնեսի համար, որոնք ավելի քիչ ծառայություններ են մատուցում։
«Ավելի հեշտ է առողջարանային համալիրների համար, որոնք առաջարկում են ծառայությունների լայն շրջանակ՝ երեքանգամյա սնունդ, բուժումներ, լողավազաններ։ Իսկ միայն գիշերակաց եւ նախաճաշ առաջարկող հյուրանոցների ու հյուրատների համար առավել բարդ է աշխատելը»,- նշում է Նարեկ Միրզոյանը։
Քաղաքի զբոսաշրջային ներուժի վերականգնման համար պետական փոխհատուցումներ են եղել։ Համայնքապետարանից հայտնում են, որ Կառավարության կողմից միանվագ աջակցություն է տրամադրվել Ջերմուկում 2022 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ կացության կազմակերպում իրականացնող տնտեսվարողներին՝ 2022 թվականների սեպտեմբեր-դեկտեմբերի էլեկտրաէներգիայի եւ գազի ծախսի հանրագումարի 100 տոկոսի չափով։ Նաեւ Վայոց ձորի մարզպետարանի եւ Ջերմուկի համայնքապետարանի համատեղ հանձնաժողովը գնահատել է ագրեսիայից տուժած անհատ տնտեսվարողների վնասները, ինչին հաջորդել է վնասի փոխհատուցումը։
Հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչները եւս տարբեր արշավներ են իրականացնում։ Գործում են բազմաթիվ զեղչեր ու ակցիաներ։
«Հյուրանոցները ձեւավորել են առավել ճկուն գնային համակարգ։ Սովորաբար ամռան սեզոնին զեղչեր չեն արվում, բայց տնտեսվարողներից մի քանիսն այս պահին ունեն զեղչված փաթեթներ»,- հայտնում են համայնքապետարանից։
Քաղաքի զբոսաշրջային գրավչության համար էական նշանակություն ունի ճոպանուղին, որի համար բազմաթիվ հյուրեր էին այցելում Ջերմուկ։ Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ վնասվել է նաեւ ճոպանը։ Այժմ վերականգնման աշխատանքներ են կատարվում։
«Ճոպանի վերականգնման տեխնիկական խնդիրները՝ պատվիրելը, տեղափոխելն ու տեղադրելը, ժամանակատար են։ Ակնկալվում է մինչեւ տարեվերջ ավարտին հասցնել վերանորոգումը՝ ձմեռային զբոսաշրջային սեզոնին պատրաստ լինելու համար»,- տեղեկացնում են «Ալիք Մեդիա»-ին։
Ջերմուկցիները վստահ են՝ համակարգված եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ շուտով քաղաքն ամբողջությամբ կվերադառնա իր զբոսաշրջային նախկին եռուզեռին։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: