Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոն քննադատել է Եվրամիության առաջնորդներին Շվեդիայում եւ Դանիայում Ղուրանի այրմանը չարձագանքելու համար։ Ըստ Մադուրոյի՝ նրանք, ովքեր անտեսում են այդ գործողությունները, ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցում են Ղուրանն այրողներին: «Ի՞նչ կզգայինք մենք՝ որպես քրիստոնյաներ, եթե Աստվածաշունչն ինչ-որ երկրում այրեին: Դա մեզ համար խոր վրդովմունքի առիթ կդառնար»,- Al-Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրուցում ընդգծել է Մադուրոն։
Վենեսուելայի առաջնորդը խստորեն դատապարտել է մահմեդականների նկատմամբ խտրականությունը Եվրոպայում եւ նման հանցագործություններ կատարող «ծայրահեղ աջ ու ռասիստական խմբերի» գործողությունները։
Հիշեցնենք, որ «Դանիական հայրենասերներ» արմատական խմբավորումը Ղուրանն այրել էր Կոպենհագենում, Եգիպտոսում եւ Պակիստանում Թուրքիայի դեսպանատների առջեւ։ Բացի այդ՝ Ղուրանը երեք անգամ այրել են Իրաքի դիվանագիտական ներկայացուցչության առջեւ։
Դանիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է դիտարկել Ղուրանի այրման եւ նման այլ միջոցառումների վրա սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը: Այսուհանդերձ, Դանիայի իշխանությունները հավելել են, որ հնարավոր սահմանափակումները պետք է կիրառվեն «սահմանադրորեն պաշտպանված խոսքի ազատության» շրջանակում։
Հուլիսի 1-ին ԵՄ–ում դատապարտել էին Ստոկհոլմում Ղուրան այրելու ակցիան եւ հորդորել են կանխել իրավիճակի սրացումը։ Նշվում է, որ նման գործողությունները տեղ չունեն Եվրոպայում, որը շարունակում է հանդես գալ դավանանքի եւ արտահայտվելու ազատության օգտին։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին Ղուրանի այրումը Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ սադրիչ եւ չմտածված գործողություն է համարել։ Ըստ Քանաանիի՝ «սրբությունների պղծման կրկնությունը, հատկապես իսլամադավան համայնքի՝ ումմայի համար սուրբ օրերին, ինչպես նաեւ միլիոնավոր մուսուլմանների այցը ուխտագնացության՝ հաջի, սադրիչ, չմտածված եւ անընդունելի արարք է»։