ԱՄՆ-ում 2024 թվականի ընտրություններում «Հանրապետական» կուսակցությունից առաջադրվելիք նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին հայտարարել է, որ Վաշինգտոնի միջամտությունն ուկրաինական հարցին կարող է պայմանավորված լինել ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի ընտանիքին առնչվող կոռուպցիոն սկանդալով։
«ԱՄՆ զինվորականների նպատակը պիտի լինի առաջ տանել ամերիկյան շահերը, պաշտպանել հայրենիքը, ոչ թե ինչ-որ պատահական հակամարտություն վարել Բուրիսմայից հինգ միլիոն դոլարի կաշառքի դիմաց, որ ստացել է ԱՄՆ նախագահի ընտանիքի անդամը»,- ասել է Ռամասվամին:
Նա նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի որդու՝ Հանթեր Բայդենի հաշիվներով ստացված որոշ գումարներ կոռուպցիոն ծագում ունեն։ Ռամասվամին դա կապում է Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման հետ։
Հանթեր Բայդենը մեղադրվում է հարկերից խուսափելու եւ ապօրինի զենք պահելու համար։ Բացի այդ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սկսել է ստուգել ԱՄՆ նախագահի որդու արտասահմանյան գործարար կապերը եւ դրանցում հոր մասնակցության հավանականությունը։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի որդին Դելավերի շրջանային դատարանում ասել է, որ պատրաստ է իրեն մեղավոր ճանաչելու հարկային իրավախախտումների գործով։ Ակնկալվում է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը երաշխավորություն կներկայացնի ամերիկացի առաջնորդի որդու պայմանական ազատազրկման վերաբերյալ։