Արցախի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը Արցախի կառավարության որոշմամբ սահմանված սոցիալական աջակցության ծրագրերն իրագործելու, աշխատավարձերն ու թոշակները վճարելու եւ կանխիկ դրամաշրջանառության ներքին ընթացքն ապահովելու համար արցախցիներին հորդորում է բանկային հաշիվներում պահվող դրամական միջոցները կանխիկացնել ըստ անհրաժեշտության (ներդրված է նաեւ կանխիկացման սահմանաչափ), իսկ ազատ կանխիկ միջոցները պահել բանկային հաշիվներում:
«Քանի որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ ընթացիկ տարվա հունիսի 15-ից լրիվությամբ դադարեցված են նաեւ հումանիտար բեռնափոխադրումները, Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր»,- ասված է հաղորդագրությունում:
Նախարարությունը խնդրում է աջակցել պետությանը՝ համատեղ ջանքերով հաղթահարելու Արցախի ժողովրդի առաջ ծառացած ծանր մարտահրավերները։