Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի ոչ նյութական էթնոմշակութային ժառանգության օբյեկտների՝ ազգային հեքիաթների, էպոսների, պարերի, ծեսերի, արհեստների, ավանդույթների եւ սովորույթների դաշնային ռեգիստր ստեղծելու մասին: Ցանկը կպարունակի տեղեկություն «այս կամ այն օբյեկտի ծագման, դրա գոյության տարածքի, բնօրինակ ավանդական մշակույթի կրողների եւ պահպանողների մասին»,- նշված է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում։
Գրանցամատյանը ստեղծվում է 2022 թվականի հոկտեմբերին ընդունված «Ռուսաստանի Դաշնության ոչ նյութական էթնոմշակութային ժառանգության մասին» դաշնային օրենքի կատարման շրջանակում: Նախարարների կաբինետի ներկայացուցչի կարծիքով տեղեկատվական նման ռեսուրսի ստեղծումը կհեշտացնի ոչ նյութական էթնոմշակութային ժառանգության ուսումնասիրությունը, օգտագործումը, պահպանումն ու հանրայնացումը։ Գրանցամատյանը վարելու է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը։