Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում օգոստոսի 6-ին անդրադառնալով ՀՀ իշխանությունների հետ իր հարաբերություններին, հայտնել է, որ ՀՀ իշխանությունների հետ Ստեփանակերտը տարաձայնություններ ունի արցախյան խնդրի առնչությամբ։ Նա վստահեցրել է, որ ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններն, այնուամենայնիվ, բավականին ակտիվ են եւ պարբերական։ «Արցախյան շարժումը սկսվել է հայ ժողովրդի կողմից, այն արտացոլվել է հանրաքվեներով եւ մի մարդու մենաշնորհ չէ»,– ասել է Հարությունյանը։ Նա նշել է, որ ՀՀ իշխանությունները Լեռնային Ղարաբաղի առնչությամբ պետք է շատ զգույշ լինեն։ «Ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնելու եւ սահմանափակելու մեր ինքնորոշման իրավունքը»,- շեշտել է Արցախի նախագահը։
Նա հիշեցրել է, որ այդ իրավունքի առումով պատրաստակամություն է հայտնել պայքարելու Արցախի ժողովուրդը, իսկ այդ պատրաստակամությունը ժողովուրդը հայտնել է՝ իմանալով, որ ունենալու է պատերազմներ ու զրկանքներ։ «Այսօրվա զրկանքները մենք կրում ենք այդ գիտակցումով։ Այդ առումով մենք ունենալու ենք տարաձայնություններ, սակայն ամեն ինչ հարթվելու է, ամեն ինչ կորսված չէ»,- ասել է Արցախի նախագահը։ Նա Հայաստանի իշխանություններին հորդորել է զերծ մնալ Արցախի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող քայլերից ու հայտարարություններից։
Արայիկ Հարությունյանը նշել է նաեւ, որ Արցախը Սփյուռքից առաջին հերթին ակնկալում է բարոյական աջակցություն։ «Ակնկալում ենք տարբեր միջոցառումներ հաջակցություն Արցախի, նաեւ նյութական աջակցություն, քանզի շրջափակման մեջ տնտեսություն պահել անհնարին է»,- ասել է նա։ Անդրադառնալով Արցախյան հարցի լուծման ռուսական եւ արեւմտյան առաջարկներին` Արցախի նախագահը նշել է, որ Ստեփանակետի հետ որեւէ օրակարգ չի քննարկվել։ Նա հավելել է, որ Ստեփանակերտին ուղղված ցանկացած առաջարկ պարտավոր է հարգել ժողովրդի արժանապատվությունն ու իրավունքները։