Հանրակրթական պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանների դասագրքերը: Առաջիկայում կմեկնարկի նոր դասագրքերի տպագրության գործընթացը: 2023-ին ՀՀ բոլոր դպրոցներում փուլային եղանակով ներդրվելու է հանրակրթական պետական նոր չափորոշիչը, ինչը ենթադրում էր նաեւ դասագրքերի փոփոխություն: ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը հայտնել է, որ ուսումնասիրելով տեղական եւ միջազգային փորձը՝ որոշվել է դասագրքերի ստեղծման գործընթացն առանձնացնել տպագրությունից:
Ըստ փոխնախարարի՝ ամփոփվել է դասագրքերի՝ դեռեւս անցյալ տարի հայտարարված եւ մի քանի անգամ երկարաձգված մրցույթը: Ներկայացվել է ընդհանուր առմամբ 59 անուն դասագրքի հայտ: Ըստ այդմ՝ 2-րդ դասարանի համար ներկայացվել է 17 դասագրքի հայտ, որոնցից երաշխավորվել է 12-ը, 5-րդ դասարանի համար 17 հայտից երաշխավորվել է 14-ը, 7-րդ դասարանի համար 25 հայտից երաշխավորվել է 21-ը: ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը նշել է, որ խրախուսվել են նաեւ հիբրիդային ձեւաչափով դասագրքերը, որոնք պարունակում են էլեկտրոնային հղումներ, QR կոդեր, ինչը ժամանակի պահանջ է: «21-րդ դարի դասագիրքը չի կարող զերծ մնալ էլեկտրոնային բովանդակությունից», — նշել է նա:
Յուրաքանչյուր դասագրքի փորձաքննության համար ստեղծվել է փորձագիտական խումբ՝ ըստ սահմանված կարգի: Նախապես հայտ ներկայացրած 800 փորձագետներից աշխատանքային գործընթացում ներգրավվել է շուրջ 600-ը՝ յուրաքանչյուր խմբում առնվազն 8 մասնագետ: Խմբերում պարտադիր ընդգրկված են եղել տվյալ առարկան դասավանդողներ, հայոց լեզվի մասնագետ, մեթոդիստ, հոգեբան, նկարիչ եւ հիգիենիստ: Փորձաքննության համար նախապես մշակված են եղել գնահատման չափանիշներ, որոնցով առաջնորդվել են գնահատող փորձագետները: Փորձաքննված դասագրքերի արդյունքներն ամփոփել է մասնագիտական հանձնաժողովը: