Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մամուլի ասուլիսի ժամանակ RTRS հեռուստաալիքի եթերում կտրուկ արտահայտվել է Ուկրաինայի կողմից Կոսովոյի ճանաչման հեռանկարի մասին այն բանից հետո, երբ ուկրաինացի պատգամավորը ստորագրել է արեւմտյան երկրների կառավարություններին ուղղված դիմումը՝ կոչ անելով վերանայելու Բելգրադի եւ Պրիշտինայի նկատմամբ քաղաքականությունը։
Նամակը, որը ստորագրել են արտաքին հարաբերությունների տասը խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարներն ու տարբեր խորհրդարանների ավելի քան հիսուն պատգամավորներ, կոչ է անում ուժեղացնելու ճնշումը Սերբիայի վրա եւ հրաժարվելու նրա եւ Կոսովոյի միջեւ հավասարակշռում մտցնելու փորձերից: Նամակի նախաձեռնողը բրիտանացի պատգամավոր Ալիսիա Քերնսն է, նրան է միացել Ուկրաինայի Գերագույն Ռադայի արտաքին քաղաքականության եւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Մերեժկոն։
Մեկնաբանելով նամակը՝ Վուչիչն ասել է, որ այն ուղղված է Սերբիայի դեմ եւ «հակամարտություն հրահրելու» նպատակ ունի: «Ուկրաինան մեզ համար բարեկամ երկիր է։ Կարծում եմ՝ Զելենսկին Մերեժկոյից ավելի խելացի է. հակառակ դեպքում, պատկերացրե՛ք, եթե Ուկրաինան ճանաչի Կոսովոյի անկախությունը, մեկ օրում կկորցնի ամեն ինչ»,- հավելել է Սերբիայի նախագահը` չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի: Նա հավելել է, որ միշտ սատարելու է «ազատական մոտեցումը» եւ սեփական որոշումներ ընդունելու Սերբիայի իրավունքը։
Ինչպես հայտնի է, Ուկրաինան պաշտոնապես չի ճանաչում Կոսովոն, երկիր, որն անկախություն է հռչակել 2008 թվականին, եւ նրա այդ քայլին դիմելու իրավունքը հաստատել է Արդարադատության միջազգային դատարանը։ Այդ ժամանակից ի վեր մոտ հարյուր երկրներ ճանաչել են Կոսովոն իբրեւ անկախ պետություն, մինչդեռ մնացածներն այն համարում են Սերբիայի մի մասը, որտեղ Կոսովոն պաշտոնապես ընկալվում է որպես Կոսովոյի եւ Մետոխիայի նահանգ: Ավելի վաղ Սերբիան դժգոհություն էր հայտնել Եվրախորհրդի Նախարարների կոմիտեում Կոսովոյի՝ Եվրախորհրդին անդամակցելու վերաբերյալ Ուկրաինայի քվեարկության առնչությամբ։