Մահվանից մեկուկես տարի առաջ Արամ Խաչատրյանը դիմում է երաժշտագետ եւ գիտաշխատող Վիկտոր Յուզեֆովիչին իր մասին գիրք գրելու առաջարկով։
Յուզեֆովիչը, որն այժմ ԱՄՆ Վիրջինիա նահանգում է բնակվում, The Armenian Mirror-Spectator-ին պատմել է հայ մեծագույն կոմպոզիտորի հետ իր հանդիպման մասին։
«Արամ Իլյիչը վերադարձել էր Արեւմտյան Գերմանիայից, որտեղ տեսել էր այնտեղ հրատարակվված իմ գիրքը ջութակահար Դավիթ Օյստրախի մասին։ Նրանք ընկերներ էին։ Հայ կոմպոզիտորն Օյստրախին ջութակի կոնցերտ էր նվիրել»,- պատմել է երաժշտագետը։
Խաչատրյանը Յուզեֆովիչին առաջարկում է ճիշտ այդպիսի մի գիրք էլ իր մասին գրել։
«- Ես ասացի,- հիշում է երաժշտագետը,- այսօր Փարիզում եք, վաղը Լոնդոնում, մյուս օրը Երեւանում: Ինչպե՞ս աշխատենք գրքի վրա։
— Ես կապահովեմ այդ հանդիպումները,- ասել է Արամ Խաչատրյանը»։
Յուզեֆովիչը կարծում է, որ նա չէր փափագում, որ իր մասին գիրք գրվի, այլ ուզում էր կիսվել իր փորձով ու մտքերով։ «Նա գիտեր, որ առողջական վիճակը գնալով վատանում է, եւ ուզում էր դա անել»։