Հայտնի թուրք սեյսմոլոգ Ջելալ Շենգյորը երկրաշարժի սպառնալիքի պատճառով որոշել է տեղափոխվել Ստամբուլից: Ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նա համոզմունք է հայտնել, որ վտանգված Ստամբուլի 60-70 հազար շենքեր եթե անգամ հիմնահատակ չավերվեն, առնվազն անդառնալիորեն կվնասվեն: Սեյսմոլոգը կանխատեսում է, որ երկրաշարժից հետո փրկարարական աշխատանքների պատճառով անհնար կլինի դուրս գալ փողոց, քաղաքի կարեւոր երթուղիները կդառնան անանցանելի, իսկ ստեղծված քաոսի պայմաններում ողջ մնացածները մի քանի օրով կամ շաբաթով կարգելափակվեն քաղաքում: Գիտնականը մտավախություն ունի, որ քաղաքում ենթակառուցվածքները կքանդվեն, փրկարարների պակաս կզգացվի, իրավիճակը կարող է հասնել սովի ու թալանի։ Գիտնականը մտադիր է տեղափոխվել ամառանոց կամ հաստատվել Չանաքքալե քաղաքի արվարձանում, որտեղ, սակայն, նույնպես երկրաշարժերի վտանգ կա։
Սեյսմոլոգները քննադատել են գործընկերոջ պահվածքը
Շենգյորին քննադատել է նրա վաղեմի մրցակից, սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը։ «Ես որ չեմ մտածում որեւէ վայր տեղափոխելու մասին, ու ըստ իս դա ճիշտ չէ: Էլ ո՞նց եմ շարունակելու ապրել, եթե իմանամ, որ ես փրկվելու եմ, իսկ հարյուր հազարավոր մարդիկ մեռնելու են»,- ասել է գիտնականը Medyatava պորտալին: Միաժամանակ նա նշել է նման աղետին արձագանքելու համար ծրագրեր մշակելու կարեւորությունը։ Քանդիլի աստղադիտարանի ղեկավար Հալուք Օզեներն իր հերթին կարեւորել է երկրաշարժին նախապատրաստվելը։ «Նույնիսկ Կոնիայում, որտեղ սեյսմիկ խզվածքներ չկան, օրերս երկրաշարժ է եղել, իսկ դա ոչ ոք չէր կանխատեսել»,- ասել է նա DHA գործակալության թղթակցի հետ զրույցում։