BBC-ի արաբական ծառայության լրագրողները հետաքննության ընթացքում հայտնաբերել են սեռական բռնության եւ շահագործման թաքնված աշխարհ, որտեղ ինչ-որ տղամարդիկ աշխատում էին որպես, այսպես կոչված, «հոգեւոր բժիշկներ»:
Հոգեւոր բուժումը, որը հայտնի է նաեւ իբրեւ բուժում Ղուրանով, տարածված է արաբական եւ մահմեդական աշխարհում: Կանայք հիմնականում գալիս են բուժողների մոտ՝ հավատալով, որ չար ոգիներին՝ «ջիներին» վտարելով՝ կարող են լուծել խնդիրները կամ բուժել հիվանդությունները։
BBC-ի լրագրողը՝ Հանան Ռեզակը, ծպտյալ ներկայացել է որպես այդպիսի մի կին եւ անցել Ղուրանով բուժման «թերապիա»: Հենց «թերապիայի» ընթացքում էլ փախել է բժշկից՝ շեյխ Իբրահիմից:
Նա պատմում է այդպիսի բժշկության զոհերից մեկի սարսափելի պատմությունը:
Դալալը (զոհի իսկական անունը չէ) մի քանի տարի առաջ գնացել է Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքի մերձակայքում ապրող մի հոգեւոր բժշկի մոտ, որպեսզի վերականգնվի դեպրեսիայից, երբ դեռ 20 տարեկան էր: Բուժողը նրան ասել է, որ դեպրեսիան առաջացել է «ջին սիրահարի» պատճառով, որը տիրացել է իրեն:
Առանձին հանդիպման ժամանակ «բժիշկը» նրան խնդրել է խունկ հոտոտել, որը, ըստ նրա, մուշկ էր, բայց հիմա նա կարծում է, որ դա ինչ-որ թմրանյութ էր, քանի որ հոտոտելուց հետո ուշաթափվել է:
«Ես նրան ասացի՝ ամո՛թ քեզ։ Ինչո՞ւ դա արեցիր ինձ հետ: Եվ նա պատասխանել է՝ ջին եմ դուրս հանել ձեր մարմնից»։
Դալալը ոչ մեկին չի պատմել կատարվածի մասին, քանի որ ամաչել է տեղի ունեցածից, բացի դրանից՝ վստահ է եղել, որ կատարվածի համար իրեն կմեղադրեն։ Մի քանի շաբաթ անց նա հայտնաբերել է, որ հղի է, սարսափի մեջ նույնիսկ մտածել է ինքնասպանության մասին։
Երբ «բժշկին» պատմել է իր հղիության մասին, նա պատասխանել է, որ աղջիկը «պետք է որ հղիացած լինի ջինից»:
Դալալը հիշում է, որ տեղի ունեցածն այնքան ծանր է տարել, որ երբ երեխան ծնվել է, չի ցանկացել նրան նայել, ձեռքերի վրա վերցնել, անուն տալ եւ տվել է որդեգրման:
Դալալը նաեւ լրագրողին զգուշացնում է, որ եթե ընտանիքում իմանան, թե ինչ է պատահել իր հետ, կսպանեն իրեն։
Լրագրող Հանան Ռեզակը այդպիսի 85 կնոջ պատմություն է բացահայտել: Նա խոսել է նաեւ Մարոկկոյի՝ իսլամի հարցերով նախարարի հետ, որը նրան ասել է, թե «հոգեւոր բժիշկների» մասով պետությունը չի կարող օրենքներ ընդունել, դա կրոնական կազմակերպությունների գործն է: Լրագրողը 65 այդպիսի «բժիշկների» տվյալներ է բացահայտել Սուդանում եւ Մարոկկոյում:
Առ այսօր նրանցից ոչ մեկի հանդեպ քրեական գործ հարուցված չէ: