«Ամերիկայի ձայն»-ը հաղորդում է, որ անցած երկուշաբթի սկսվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջագայությունը Նյու Մեքսիկո, Յուտա եւ Արիզոնա նահանգներում։
Ըստ աղբյուրի՝ Բայդենը պետք է փորձի համոզել ամերիկացի ընտրողներին, որ իր վարչակազմի քաղաքականությունը երկրի տնտեսության վրա դրական ազդեցություն ունի։ Նա խոսելու է նաեւ ենթակառուցվածքային նոր նախագծերի ֆինանսավորման մասին։
Վաշինգտոնում տնտեսական այդ քաղաքականությունը կարճ կոչում են «բայդենոմիկա»՝ նմանակելով Ռեյգանի «ռեյգանոմիկային»։ Ի դեպ, «Ալիք Մեդիան» թեմային անդրադարձել էր դեռեւս 2021-ի գարնանը՝ The Washington Post-ի՝ «Ապավինել մեծահարուստների՞ն, թե՞ սատարել չունեւորներին» ծավալուն եւ ուշագրավ հոդվածով:
Ամերիկացի ընտրողներին հուզում է սղաճի հարցը, մյուս կողմից, սակայն, մարդիկ տեսնում են գործազրկության ռեկորդային ցածր ցուցանիշ, աշխատավարձերի նկատելի բարձրացում եւ սպասվածից ավելի տնտեսական աճ։
Արիզոնան ապագա ընտրարշավում ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ գործող նախագահի համար։ 2020 թվականին Բայդենն այստեղ իր մրցակցին հաղթել է մեկ տոկոսից էլ պակաս առավելությամբ։ Եվ ենթադրվում է, որ այս հենց այս նահանգին կուղղվեն բայդենականների բոլոր ջանքերը։
Իսկ այսօր նախագահ Բայդենը Յուտա նահանգում այցելելու է վետերանների հոսպիտալ՝ նշելու վետերանների համար լրացուցիչ աջակցություն նախատեսող PACT օրենքի առաջին տարեդարձը։