Ըստ թուրքական Resmi Gazete կառավարական պաշտոնական տեղեկագրի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է թուրքական նահանգների մեծ մասի նահանգապետներին, ներառյալ ծովափնյա Անթալիայի։ Փոխվել են 57 նահանգների նահանգապետները։ Ընդհանուր առմամբ, Թուրքիան ունի 81 նահանգ։ Նման որոշման պատճառները չեն նշվում։ Նախորդ շաբաթ Էրդողանի հրամանով փոխել էին 81 նահանգներից 52-ի ոստիկանապետներին։
Ստամբուլի նահանգապետը փոխվել էր դեռ հունիսին` ընտրություններից հետո՝ կապված նախկին նահանգապետ Ալի Երլիկայի՝ ՆԳՆ ղեկավարի պաշտոնում նշանակվելու հետ: Մի շարք դեպքերում խոսքը մի նահանգից մյուս նահանգ վերանշանակման մասին է։ Ըստ հրամանագրի՝ Անթալիայի նոր նահանգապետ է դարձել Հուլուսի Շահինը, որն ավելի վաղ գլխավորում էր հարավ-արեւելքում գտնվող Մալաթիայի նահանգը: Հանգստավայրի նախկին նահանգապետ Էրսին Յազըջին համապատասխանաբար ուղարկվել է Մալաթիա։
Իզմիր նահանգը գլխավորելու է Սուլեյման Էլբանը՝ Ադանայի նախկին նահանգապետը: Ադանայի նահանգապետ է դարձել Յավուզ Սելիմ Քեշգերը, որը ղեկավարում էր Այդըն նահանգը։ Միեւնույն ժամանակ, օրինակ, Սեւ ծովի Ռիզե նահանգը գլխավորել է սպորտի փոխնախարար Իհսան Բայդաշը։