ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին քննարկել են Իրան-Հայաստան համատեղ ծրագրերի ընթացքը։ «Ընդգծվել է հատկապես Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը։ Դեսպանը հավաստիացրել է՝ հետամուտ կլինի, որ Հայաստանում իրականացվող ծրագրերով աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտվեն»,- ասված է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Նոր գիծը հնարավորություն կընձեռի եռակի (ներկայիս 350 ՄՎտ) մեծացնելու թողունակությունը Հայաստանի եւ Իրանի միջեւ էլեկտրաէներգիայի սնուցման համար: Իրան-Հայաստան 400 կՎ երկշղթա օդային գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է:
Երկուստեք կարեւորվել է իրանական շինարարական ընկերությունների ներգրավվածությունը հայաստանյան շինարարական գործընթացներին։ Քննարկվել են նաեւ ճանապարհաշինարարության, հանքարդյունաբերության ոլորտներին վերաբերող հարցեր։
Դեպի Իրան գնացող գիծը կառուցվում է Իրանի միջոցներով։ Նախագծի համար նախատեսված 107,9 միլիոն եվրոյի 77%-ը տրամադրել է Իրանի արտահանման եւ զարգացման բանկը, 23%-ը` հիմնական կապալառու «Sunir» ընկերությունը։