Հաագայի շրջանային դատարանը վճիռ է ընդունել Նիդերլանդներում ադրբեջանաթուրքական ասոցիացիայի ղեկավար Իլհամ Աշկինի նկատմամբ՝ հայերի հանդեպ ատելություն քարոզելու եւ նրանց հրապարակայնորեն վիրավորելու համար։
Նիդերլանդներում եւ Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը թվիթերյան իր գրառման մեջ նշել է, որ դատարանը որոշումն ընդունել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության եւ Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի հայցերից հետո։ Թե ինչ պատիժ է նախատեսված Իլհամ Աշկինի համար, դեռեւս հայտնի չէ։
Հաագայի շրջանային դատարանը չշփոթել Հաագայի միջազգային դատարանի հետ
Նույն քաղաքում գործող այդ երկու ատյանները միմյանցից տարբերվում են գործառույթներով եւ օժտված են դատական որոշումներ ընդունելու կամ դրանք բեկանելու տարբեր իրավասություններով։ Հաագայի շրջանային դատարանը (հոլանդ՝․ rechtbank Den Haag) Նիդերլանդների դատական համակարգի տասնմեկ շրջանային դատական իշխանություններից մեկն է՝ առաջին ատյանի դատարան, տրիբունալ (Rechtbank): Նիդերլանդների դատական իշխանությունը մեծ հաշվով հիմնված է ֆրանսիական դատական համակարգի վրա. ոչ թե անհատը, այլ պետությունն է նախաձեռնում դատավարությունները, իսկ վարչական արդարադատությունը լուծվում է քաղաքացիական կամ քրեական արդարադատությունից առանձին: Միեւնույն ժամանակ Նիդերլանդներում երդվյալ ատենակալների համակարգ չկա։