Ֆրանսիական խանութների գանձապահներն այսուհետ անդորրագրեր կտպեն միայն հաճախորդների ցանկությամբ։ Թեեւ ռեստորաններում կամ ավտոկայանատեղիներում դրանք դեռ կպահանջվեն։
Ֆրանսիայում ուժի մեջ է մտել գանձարկղերում կանխիկ մուտքերի համար թղթե անդորրագրերի համակարգված տպագրության մերժումը։ Այս որոշումը, որը տարածվում է նաեւ բանկային քարտերի թղթե անդորրագրերի վրա, ընդունվել է շրջակա միջավայրը պաշտպանելու նպատակով: Սակայն որոշումը միեւնույն ժամանակ քննադատության է ենթարկել նրանց, ովքեր համոզված են, որ ֆրանսիացիներից շատերի համար վաճառքի անդորրագրերը ընտանեկան բյուջեն կառավարելու գործիք են:
Իրականում անդորրագրերը չեն վերանա, ցանկացողները կարող են պահանջել դրանք տպել, օրինակ՝ ապրանքի կամ ծառայության սպասարկման գնի վերաբերյալ կասկածները փարատելու նպատակով։ Իսկ որոշ դեպքերում, մասնավորապես ռեստորաններում, հյուրանոցներում, վարսավիրանոցներում, ավտոկայանատեղիներում եւ այլուր, դրանց տպագրությունը դեռեւս պարտադիր կլինի։
Այս փոփոխությունն ուժի մեջ է մտել օգոստոսի սկզբից։ Նույն օրը ուժի մեջ մտավ նաեւ էլեկտրաէներգիայի կարգավորվող սակագնի եւս 10%-ով բարձրացման մասին որոշումը։ Այս աճը, որը կազդի ինչպես տնային տնտեսությունների, այնպես էլ փոքր բիզնեսի վրա, արտացոլում է պետական ֆինանսների վրա ճնշումը աստիճանաբար թուլացնելու կառավարության ցանկությունը։