«Ալիք Մեդիա Վրաստան»-ը գրում է, որ Վրաստանի երրորդ նախագահ, ներկայում անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, որի նախագահության օրոք Վրաստանը պատերազմել է Ռուսաստանի դեմ, պատասխանել է հարցին՝ հնարավո՞ր էր խուսափել 2008 թվականի պատերազմից:
Ըստ Վրաստանի երրորդ նախագահի՝ պատերազմից խուսափելու համար Թբիլիսին պետք է կատարեր Մոսկվայի մի քանի պայման: «Ի՞նչ պետք է անեինք դրա համար. պետք է թողնեինք Ասլան Աբաշիձեին Աջարիայում եւ հրաժարվեինք Բաթումի զարգացումից, պետք է նրանց (Ռուսաստանի — խմբ.) գործակալներին նշանակեինք իրավապահ կառույցների ղեկավարներ, ինչպես ինձ ուղիղ խնդրել էր Պուտինը: Չպետք է պայքարեինք կոռուպցիայի դեմ, քանի որ ռուսական ազդեցությունը Վրաստանում հիմնականում հիմնված էր նրանց վրա: Չպետք է իրականացնեինք որեւէ բարեփոխում, քանի որ Ռուսաստանը բարեփոխումը համարում է վտանգավոր նախադեպ: Չպետք է շարժվեինք դեպի Եվրամիություն եւ ՆԱՏՕ: Չպետք է հրաժարվեինք էներգետիկայում ռուսական սխեմաներից, հետեւաբար` Վրաստանը թողնեինք խավարի մեջ: Չպետք է ստեղծեինք վրացական բանակ եւ ռազմական արտադրություն»,- նշել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր գրառման մեջ։ Նրա համոզմամբ՝ «մենք կմնայինք որպես հետամնաց, դժբախտ, հանցագործ, կոռումպացված երկիր, որի ճակատագիրն աշխարհում ոչ ոքի չէր հետաքրքրի, եւ որի հետ Ռուսաստանը ցանկացած պահի կաներ այն, ինչ կամենար»։
Ի դեպ, օգոստոսյան պատերազմի 15-րդ տարելիցին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմից կարելի էր խուսափել. «Այս պատերազմից կարելի էր խուսափել… նախկին գլխավոր հրամանատարը մեծ անպատասխանատվություն է դրսեւորել»:
Սաակաշվիլին Պուտինի ծրագրերի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնել է Գերմանիայի կանցլեր Շրոյդերին, վերջինս էլ… Պուտինին
Բրիտանական Times պարբերականը հրապարակել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բաց նամակը, որում նա բացահայտում է շուրջ 20-ամյա վաղեմության գաղտնիք։ «Այն, ինչ նա (Պուտինը) անում է հիմա (Ուկրաինայում), քիչ թե շատ պարզ ինձ ասել է մեր առաջին հանդիպման ժամանակ»,- գրել է Վրաստանի նախկին նախագահը։
2004-ի այդ հանդիպումից հետո Սաակաշվիլին մեկնել է Գերմանիա, հանդիպել այն ժամանակվա կանցլեր Գերհարդ Շրոյդերին եւ իր մտահոգությունը հայտնել Պուտինի ծրագրերի վերաբերյալ։ Բայց դա չի վրդովել ԳՖՀ-ի կառավարության ղեկավարին։ Ավելին՝ նա այդ լուրն անմիջապես հասցրել է Պուտինին։ Պուտինին զսպելու հույսով նման ազդանշաններ Սաակաշվիլին հաղորդել է նաեւ արեւմտյան այլ առաջնորդների՝ արդեն 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո։ «Երբ ես զգուշացնում էի, ինձ վերաբերվում էին որպես կատաղած խենթի»,- գրել է Վրաստանի նախկին նախագահը։