Ըստ Ուկրաինայի Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության մամուլի ծառայության՝ գործակալությունը (NAPC) ռոմ, մարտինի, վերմուտ, շոտլանդական վիսկի, ջին, տեկիլա եւ բազմաթիվ այլ բրենդային ոգելից խմիչքներ արտադրող համաշխարհային ճանաչում ունեցող Bacardi Limited-ը ներառել է «պատերազմի միջազգային հովանավորների» ցուցակում։
Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության այս ռեգիստրում Bacardi-ին ներառելու պատճառն այն էր, որ ընկերությունը «շարունակում է միլիոնավոր դոլարների ապրանք մատակարարել Ռուսաստան եւ այնտեղ նոր աշխատակիցների ներգրավել»։ «Այսպիսով՝ Bacardi-ն շարունակում է հարկեր վճարել Ռուսաստանի բյուջե, աջակցել նրա տնտեսությանը եւ հովանավորել Ուկրաինայի դեմ ագրեսիան», — ասված է գերատեսչությունում։
Ըստ Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության՝ Bacardi-ի ռուսական ստորաբաժանումը 2022-ի հունիսից 169 միլիոն դոլարի արտադրանք է ներմուծել Ռուսաստանի Դաշնություն: Միեւնույն ժամանակ ընկերության եկամուտը 2022-ին աճել է 8,5%-ով (մինչեւ 32,6 միլիարդ ռուբլի), իսկ զուտ շահույթը` մինչեւ 4,7 միլիարդ ռուբլի, ինչը 206,5%-ով ավելի է, քան 2021-ին (1,5 մլրդ ռուբլի): «Bacardi Rus»-ը Ռուսաստանի բյուջե է փոխանցել նաեւ ավելի քան 1,2 միլիարդ ռուբլու հարկեր։
Ավելի վաղ Bacardi-ի՝ Ռուսաստանում բիզնեսով զբաղվելու եւ նոր աշխատակիցների ընդունել մասին գրել է The Wall Street Journal-ը: Պարբերականը նշել է, որ մատակարարումների դադարեցման մասին ընկերության մամուլի հաղորդագրությունն անհետացել է, ինչը գրավել է The Bell պարբերականի ուշադրությունը։ Ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի մեկնարկից հետո ալկոհոլի մի շարք արտադրողներ եւ դիստրիբյուտորներ լքեցին ռուսական շուկան, ներառյալ Pernod Ricard-ը (Chivas Regal-ը, Jameson-ը, Absolut-ը), Diageo-ն (Bell’s-ը, Johnnie Walker-ը, Captain Morgan-ը, Baileys-ը), Բրաուն-Ֆորմանը (Jack Daniel’s-ը, Ֆինլանդիա) եւ Moet Hennessy-ն: