Երեւանի ավագանու (ըստ էության՝ քաղաքապետի) ընտրություններին, որ տեղի կունենան սեպտեմբերի 17-ին, մասնակցության հայտ ներկայացրեց նախկին քաղաքապետ, նախկինում ՔՊ կուսակցությունից առաջադրված, ընտրված, ապա պաշտոնազրկված Հայկ Մարությանը։
Իրականում արտառոց ոչինչ տեղի չի ունեցել։ Առավել եւս՝ սենսացիայի առիթ չեմ տեսնում։ Ընդամենը, հնարավոր է, հումորն ու կոմպրոմատների պայքարն ավելանան, եւ Մարությանի մասնակցությունը որոշակի աշխուժություն հաղորդի ընտրարշավին, որը կարող էր ավելի հանդարտ ընթացք ունենալ, թեպետ մասնակից կուսակցությունների պակաս, կարծես թե, չկա։
Սակայն պետք է փաստել, որ կուսակցությունները ստարտային անհավասար պայմաններում են սկսելու ընտրարշավը։
Երեւանի գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վաղուց արդեն «ֆալստարտ» է տվել եւ ամեն օր չի իջնում հեռուստաէկրաններից՝ ցուցադրելով իր յուրաքանչյուր փռշտոցն ու ենթակաների, պայմանական ասած, «առողջություն, պարոն քաղաքապետ» բացականչությունը։
Ամիսներ շարունակ քարզչություն է տանում նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ ի դեմս քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի, որի՝ քաղաքով մեկ սփռված լուսանկարներն արդեն աչք են հոգնեցնում։
Բայց երբ սա՝ քարոզարշավային «ֆալստարտը», մատնանշվում է, ԿԸՀ-ից տալիս են հերթապահ պատասխանը (ի դեպ, «նախկիններն» էլ նույնն էին ասում)։
Այսպես՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն իր ասուլիսում ասաց «…կուսակցությունները միշտ կարող են քարոզչություն իրականացնել, պարզապես պետք է տարբերել քարոզչությունը եւ նախընտրական քարոզչությունը։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ընտրության հաջորդ օրն իսկ կարող է քարոզչություն իրականացնել, այլ հարց է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սահմանափակումներով լեցուն է»։
Համաձայն ենք, օրենքը չի արգելում։ Թող քարոզեն տարին տասներկու ամիս, օրական 24 ժամ շարունակ։ Բայց մի՞թե ԿԸՀ նախագահը չի հասկանում, որ Ավինյանինը, օրինակ, սոսկ քարոզչություն չէ, որովհետեւ թեկնածուն դրա համար օգտագործում է ոչ թե կուսակցության, այլ հանրային միջոցները։ Չի՞ հասկանում, որ դա կոչվում է պաշտոնական դիրքի չարաշահում եւ հանրային միջոցներն անձնական ու կուսակցական նպատակներով օգտագործելու անթաքույց դրսեւորում։
Նախկինում մենք արդեն անդրադարձել ենք այդ խնդրին՝ նշելով, թե ինչպես եւ ինչ ձեւով է Տիգրան Ավինյանն իր քարոզչության համար օգտագործում սեփական պարտականությունների կատարումը։
Սրա վերաբերյալ շատ հստակ ասել է նաեւ Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ. «Հայաստանը 71 համայնքապետ (կամ համայնքապետի պաշտոնակատար) ունի: Ունի նաեւ համայնքապետի մոտավորապես 150 տեղակալ: Հանրային հեռուստատեսության առաջին ալիքը նախանձելի ջանադրությամբ արդեն տարուց ավելի է լուսաբանում է 150 տեղակալներից միայն մեկի գործունեությունը»։ Սա, եզրակացնում է Բարսեղյանը, «երկու անուն ունի, մեկը, մեղմ ասած, խտրականությունն է, մյուսը՝ վարչական կամ պետական ռեսուրսի չարաշահումը քաղաքական շահի համար»:
Իհարկե, Ընտրական օրենսգրքի պահանջներից ելնելով, նախընտրական քարոզչության ժամանակաշրջանում հանրայինը եւ մյուս հեռուստաընկերությունները ստիպված կլինեն հավասարաչափ, ընդ որում՝ անաչառ եւ գնահատականներից զերծ տեղեկատվությամբ լուսաբանել բոլոր թեկնածուներին, սակայն դա չի կարող փոխհատուցել այն առավելությունը, որ մեկ տարվա ընթացքում Ավինյանը ստացել է՝ եթերում հայտնվելով ամենօրյա ռեժիմով։
Եվ այսքանից հետո ԿԸՀ նախագահը դեռ երդում է ուտում, թե ինքը կարող է արդար ընտրություններ ապահովել։ Իր մամուլի ասուլիսում Վահագն Հովակիմյանն ասել է նաեւ. «Ըստ ձեր հարցի՝ եթե ես կուսակցական եմ, չեմ կարող լինել օրինապահ: Ես կարող եմ եւ ապահովելու եմ, որ ՀՀ-ում, քանի դեռ ես ԿԸՀ նախագահն եմ, ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ»։
Ստիպված եմ ասել. իհարկե՛, չեք կարող: Քանի որ կուսակցության հիմնադիր անդամ եք եղել, դուք լինելու եք կուսակցության կամակատարը։ Մենք արդեն Արթիկում, Սիսիանում, Վանաձորում, Թալինում տեսել ենք, թե ձեր կուսակցությունն իրեն ինչպես է պահում պարտվելիս։ Ուզում եք երդվեք բոլոր սրբություններով, «պապայի արեւով», մեկ է՝ նախկին կուսակցականը չի կարող արդար ընտրություններ ապահովել, չի կարող խուսափել շահերի բախումից եւ միշտ նախապատվությունը տալու է իր կուսակցական շահին։ Եվ հանրության մեջ նման ընկալումը բնական է։
Դե, իսկ եթե այսքան ռեսուրս ծախսելուց, ԿԸՀ ջանքերից հետո էլ քվեարկությամբ չհաջողվի մեծամասնություն ստանալ, ԿԸՀ-ն կուսակցության հանձնարարությամբ գործի կդնի տեղական ինքնակառավարման մարմիններում փորձարկված սցենարը։
Երեւանյան ընտրությունները փորձություն են կուսակցությունների, առաջին հերթին հենց ՔՊ-ի համար, որի վարկանիշը գահավիժել ու գահավիժում է։ Սակայն վախ կա, որ այս ընտրությունները փորձության փոխարեն փորձանք դառնան, որովհետեւ ՔՊ-ն, չհաշտվելով պարտության հետ, կգնա անիշխանության, կամ Վանաձորի նման ժամանակավոր պաշտոնակատարի իշխանություն հաստատելու, այսինքն՝ առճակատման ճանապարհով։
Իսկ Հայաստանի ներկա իրավիճակում նման առճակատումը փորձանք է երկրի համար։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։