Ըստ հայկական «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանի` Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ճանաչելու՝ խոսքով արտահայտված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի եւ Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի համատեղ հայցադիմումը։
Դատավոր Ռոբերտ Մաքեյանը մերժել է վերջիններիս՝ ընդդեմ ՀՀ վարչապետի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին խոսքը ոչ իրավաչափ ճանաչելու եւ որպես հետեւանքների վերացման ածանցյալ պահանջ՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն ուղղված որեւէ գործողություն կատարելը Փաշինյանին արգելելու պահանջների վերաբերյալ ներկայացված հայցադիմումի ընդունումը:
Ըստ «Ա1+»-ի՝ դատավորը նաեւ նշել է, որ հիմնական պահանջը բովանդակային առումով չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված ճանաչման հայցին: Դատավոր Ռոբերտ Մաքեյանը հավելել է, որ ըստ էության, հիմնական պահանջը դատական քննության առարկա չի կարող դառնալ՝ հաշվի առնելով, որ վարչական մարմինների գործողություններից վարչարարություն է միայն այն գործողությունը կամ անգործությունը, որն ինքնին անձանց համար առաջացնում է փաuտական հետեւանքներ, ինչը սույն պարագայում առկա չէ:
Հետեւաբար դատարանի գնահատմամբ վարչական արդարադատության շրջանակում դատական պաշտպանություն կարող է հայցվել միայն ընդդեմ վարչական մարմնի կամ պաշտոնատար անձի այն գործողության (անգործության), որը վերջինս կատարել է վարչարարություն անելու կապակցությամբ, այսինքն՝ երբ, որպես հանրային իշխանություն կրող սուբյեկտ, անձ-պետություն հարաբերություններում կատարել է գործադիր-կարգադրիչ իր գործառույթը: Այլ կերպ ասած՝ «ՀՀ վարչապետի Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու՝ խոսքով արտահայտված գործողությունը» չունի վարչարարությանը բնորոշ հատկանիշներ առ այն, որ անձ-պետություն հարաբերություններում գործադիր-կարգադրիչ գործառույթի իրացման արդյունք չէ, հետեւաբար նաեւ՝ վարչարարության դրսեւորում չէ, ուստի ոչ միայն չի կարող վարչական դատավարության կարգով քննության առարկա լինել, այլեւ ենթադրյալ «վեճը» դուրս է, առհասարակ, դատական վերահսկողության տիրույթից:
Որոշումը կարող է բողոքարկվել Վարչական վերաքննիչ դատարան: