ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Երեւանի մայթերին տեղադրված տերմինալները տարիներ շարունակ գործել են առանց որեւէ հիմքի, ինչի հետեւանքով Երեւան համայնքը զրկվել է շուրջ 926 միլիոն դրամ ստանալու հնարավորությունից։
Դատախազությունն ուսումնասիրություններ է կատարել «Հետք» ինտերնետային թերթում հրապարակված հոդվածի հիման վրա ու պարզել, որ համայնքային սեփականության հողամասերի վրա առանց որեւէ հիմքի գործում է 1296 տերմինալ:
Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Երեւանի քաղաքապետարանի եւ «Լոկատոր» ու «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունների միջեւ 2014-ի հուլիսի 10-ին կնքվել է համաձայնագիր, որի հիման վրա ավտոկայանատեղիների սպասարկման համար տարբեր վարչական շրջաններում առանձնացվել է 235 հողատարածք։
Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2014-2023 թվականների ընթացքում ցուցաբերել են անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ։ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե: Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ նախկին ՔՕ 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն):