Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն մեկնաբանել է ռուսական «Կոմերսանտի» օգոստոսի 11-ի հրապարակումը։ Մոսկովյան պարբերականում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է բացել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, դրանից 24 ժամ անց էլ` ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Հաջիզադեն հայտարարել է, թե «հայերը տապալել են Աղդամի ճանապարհով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո բեռներ տեղափոխելու, դրանից 24 ժամ հետո էլ Լաչինի ճանապարհով, նույն Կարմիր խաչի հովանավորությամբ փոխադրումներն ակտիվացնելու մասին պայմանավորվածությունները»։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը հայտարարել է, թե «ռուսական, ինչպես նաեւ հայկական կողմից այս ապակառուցողական պահվածքը, որն այս թեման վերածել է քաղաքական մանիպուլյացիայի գործիքի, եւս մեկ անգամ ցույց է տալիս հակառակ կողմի անտարբերությունը խաղաղության եւ կայունության հաստատման եւ երկխոսության նկատմամբ։ Ըստ Այհան Հաջիզադեի՝ այդ քայլերը «հերթական անգամ հաստատում են հումանիտար խնդիրների վերաբերյալ պնդումների անհիմն լինելը եւ ծառայում են տարածաշրջանում իրավիճակի սրմանը»։