Ես լավ չեմ հասկանում՝ ի՞նչ կարիք կա բերել Սնուփ Դոգին: Միանգամից օրինականացնեիք մարիխուանայի վաճառքը: Ցանկացածը կդառնար Սնուփ Դոգ: Երկու միլիարդ էլ չէիք ծախսի:
Դուք այդ մարդուն փորկապության դե՞մ եք բերում Հայաստան: Ձեզ քի՞չ է Արայիկ Հարությունյանը (վարչապետի աշխատակազմի ղեկավար): Սնուփ Դո՞գն է պակասում լիակատար թուլանալու կամ զվարճանալու համար:
Մարդ նույնիսկ չի էլ ուզում լրջանա: Դու հարկ ես վճարում պետությանը, իսկ պետությունը քեզ ասում է՝ քո հարկերով ինչ-որ Սնուփ Դոգ եմ բերում Հայաստան: Հեչ բացառված չի, որ ժամանակին աշխարհի թմրանյութերի հետ դու-ով խոսող այս մարդու «երգը» սերունդներ է կրթել, բայց պետք է հիշել, թե դրանից հետո ուր է գնացել աշխարհը:
Երկու միլիարդ դրամ (սա Դոգի հոնորարի չափը չէ, այլ ամբողջ համերգի ծախսը): Բերում եք, որ ի՞նչ: Որ Հայաստանի տեղն իմանա՞ն: Որ հասկանան, թե Հայաստան գալը վտանգավոր չէ՞: Բայց պարզվում է՝ դուք այդքան գումար մեկ տարում նույնիսկ Վանաձորի վրա չեք ծախսում: Հիմա ուզում եք ասել, որ դուք ձախողել եք ամեն ինչ, Սնուփ Դոգը գալու է ձեր ձախողածը փրկի՞:
Ես ոչինչ չունեմ Քելվին Քոլդոզար Բրոդուս-կրտսերի (Սնուփ Դոգի իսկական անունը) դեմ:
Իսկ ինչո՞ւ, ասենք, Լեոնել Մեսսիին չեք բերում: Նա էլ է, չէ՞, հիմա Ամերիկայում ապրում: Երբ որեւէ մեկին բերում եք, «ուղերձ» պիտի ունենաք: Ո՞րն է Դոգի ուղերձը: Ընդհանրապես, ո՞րն է Հայաստան մարդ բերելու ուղերձը, որտեղ կիսաքաղաքակիրթ հասարակական զուգարաններ չկան: Դոգն իր հե՞տ է բերելու էդ զուգարանները: Թե՞ դուք լրիվ նոր մարդ եք, ու մենք՝ 51 տարեկաններս, ոչինչ չենք հասկանում 52-ի մեջ մտած Սնուփ Դոգի երաժշտությունից:
Էդ մարդու բիզնես պրոյեկտների մեջ պոռնոֆիլմեր կան, տեղյա՞կ եք: Ո՞նց կարող է մի ամբողջ ազգ գերի դառնալ Արայիկ Հարությունյանի երեւակայությանը: Դու դեռ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո քո ժողովրդին չես հանել հոգեկան տրավմաներից, բերում ես մեկին, որն իր բոլոր տրավմաների հետ կռվել է ձախ գնալով ու թմրանյութ օգտագործելով:
Ասում եմ ձեզ, այս մարդու դեմ ես ոչինչ չունեմ: Ինձ իր երգերը դուր չեն գալիս, բայց ավելի երիտասարդների շատ այլ գործեր են դուր գալիս:
Իհարկե, Սնուփ Դոգը ռեփ ժանրի կենդանի լեգենդ է: Հետո՞: Չեք կարո՞ղ, ասենք, պայմանավորվել Բրազիլիայի կամ Արգենտինայի հավաքականի հետ՝ Երեւանում ընկերական մի խաղ խաղան Հայաստանի հետ: Բայց, ախր, որեւէ մեկի գալն ու գնալը չէ խնդիրը: Դուք ավազի վրա տուն եք սարքում:
Հայաստանն աշխարհի ամենաթանկ երկրներից է, իսկ նրա սնունդը ամենաթանկն է ԱՊՀ ամբողջ տարածքում: Գումարած, որ տուրիզմի համար գրեթե ոչ մի ենթակառուցվածք չկա՝ թանկ հյուրանոցներից բացի: Եվ ամենակարեւորը՝ այնքա՜ն ողորմելի է ձեր լոգիկան:
ԴԻՏԵՔ ՆԱԵՎԹարգիր լաո 23/ Միջանցք, Սնուփ Դոգ, նոյեմբերի 9 / Փաշոյան / Մադոյան |
Հինգ տարի իշխանություն եք, բայց ցուցադրելու բան չունեք, ուզում եք աշխարհին Սնուփ Դոգ ցույց տա՞լ Հայաստանից:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: