Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ) հայտնել են, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար այս պահին 8 կուսակցություն է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Օգոստոսի 12-ի ընթացքում ԿԸՀ են դիմել «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց» եւ «Հաղթանակ» կուսակցությունները։ Իսկ ավելի վաղ դիմում էին ներկայացրել «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունները։ ԿԸՀ–ից հիշեցնում են, որ առաջադրման ավարտին մնացել է 1 օր։ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Հավելենք, որ այս պահի դրությամբ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու եւ քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին հայտարարել են հետեւյալ անձինք ու քաղաքական ուժերը՝ նախկին փոխվարչապետ, այժմ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը (իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն), Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանը, ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյան, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը (ՀԱՍԱԿ), Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Նելլի Հարությունյանը), «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թեւանյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։