Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություն եւ 1 դաշինք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հայտ ներկայացնելու ժամկետը լրացել է 18.00-ին։
Մասնակցության հայտ են ներկայացրել «Հայաստանի եվրոպական» կուսակցությունը, «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», ինչպես նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները եւ «Երկիր ծիրանի» եւ «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցությունների «Մայր Հայաստան» դաշինքը: Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Աշնանը սպասվող ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների առաջադրման պաշտոնական գործընթացը մեկնարկել է օգոստոսի 3-ից։ Մինչեւ օգոստոսի 18-ը իրականացվելու է կուսակցությունների եւ դաշինքների գրանցումը, որից հետո եռօրյա ժամկետում՝ մինչեւ օգոստոսի 21-ն էլ ընտրական ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ-ի կայքում։ Կուսակցությունների, ինչպես նաեւ ավագանու անդամների թեկնածուների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ են ներկայացվելու օգոստոսի 18-ից մինչեւ օգոստոսի 23-ը։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին եւ տեւելու է մինչեւ սեպտեմբերի 15-ը։ Սեպտեմբերի 16-ին լռության օր է, այդ օրը քարոզչությունն արգելվում է։