Յաղդանում Բուլղադարյաններին ոչ թե անուն-ազգանունով, այլ բնակավայրի անունով գիտեն: Այն բնակավայրի, որտեղից նրանք եկել են։ 44-օրյա պատերազմի օրերին Թալիշից տեղահանված ինը հոգանոց ընտանիքն այստեղ ապրում է արդեն երկու տարի։ Մշտական մնալու որոշումը պատերազմից հետո են կայացրել։ Հարկադրված։ Գնալու ուրիշ տեղ չեն ունեցել։ Իսկ այս գյուղը նրանց ծանոթ էր դեռ 2016-ից․ ապրիլյան պատերազմի օրերին Թալիշից կրկին Յաղդան էին եկել։
«Քանի տարի ա՝ փախչում ենք։ Արդեն հինգ տուն ենք փոխել»,- ասում է ընտանիքի մայրը՝ Աննա Դանիելյանը՝ նկատի ունենալով վերջին պատերազմից հետո իրենց անցած ճանապարհը․ Թալիշից՝ Մասիս, ապա՝ Նոր Հաճն, Ստեփանավան, վերջում՝ Յաղդան։
Չնայելով կարիքին՝ կրթվել
Մանեն, Միքայելը, Նելլին, Մարին, Նանեն, Տիգրանը, Դավիթը Բուլղադարյանների զավակներն են։ Մանեն ավագն է՝ 18 տարեկան։ Միջնակարգ կրթությունը հարեւան Ագարակ գյուղում է ստացել, բարձրագույն կրթության համար էլ ուզում է Ստեփանավան գնալ։ Բայց պետք է սպասի, մինչեւ գումար ունենան, որ կարողանան ուսման 300 հազար դրամ վարձը վճարել։ Մանեն որոշել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի Ստեփանավանի մասնաճյուղում սովորել։
«Երեւանում չեմ տվել թղթերս, որովհետեւ ծախսը շատ է։ Հեռակա եմ սովորելու։ Մինչեւ օգոստոսի 15-ը ժամանակ կա, որ ընդունվեմ։ Ստեփանավանում մատնահարդարում էլ կսովորեմ, որ ակադեմիային զուգահեռ աշխատեմ։ Ուզում էի գնալ, Տաշիրի կարի ֆաբրիկայում աշխատել։ Էնտեղ փորձաշրջան կա, 80-100 հազար դրամ աշխատավարձ։ Ավտոբուսը տանում, բերում է, բայց պապան չթողեց։ Ես էլ Ֆեյսբուքում եմ աշխատում (ժպտում է – հեղ․), էջ ունեմ, կոսմետիկա, հագուստ, զարդեր եմ պատվիրում, վաճառում, փոստով առաքում»,- պատմում է Մանեն, որ իր մեծ ընտանիքի հոգսը թեթեւացնելու համար շատ բան է ուզում անել, մինչդեռ ծնողները, չնայած կարիքին, ձգտում են, որ երեխաներն աշխատելու փոխարեն կրթվեն։
Նելլին, որ երրորդն է երեխաների մեջ, փորձում է ծրագրավորում սովորել։ Նրան օգնում է «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ-ն, որի ակտիվ անդամներից է։ Կազմակերպությունը նրան նաեւ համակարգիչ է տրամադրել։
«Նպատակս է, որ դառնամ ծրագրավորող, հետո՝ իրավաբան։ Ամեն օր համակարգչի մեջ եմ, տեսանյութեր եմ նայում, կարդում։ ՄԵՄ-ի ռուսերենի, անգլերենի, ուրիշ այլ դասընթացների եմ մասնակցում»,- պատմում է 14-ամյա Նելլին, որ նախընտրում է ժամանակն ավելի շատ համակարգչի առջեւ կրթվելով անցկացնել։
Ընտանիքի հայրը՝ Սարգիսը, պայմանագրային զինծառայող է։ Ամսվա կեսը տանն է, կեսը՝ դիրքերում։ Արցախի շրջափակման հետեւանքով է ծառայությունը Հայաստանում անցկացնում․ հերթական անգամ, երբ տուն էր եկել, ճանապարհը փակվել է։ Կինն ասում է՝ նախարարություն են դիմել, խնդրել, որ հնարավորություն տան այստեղ ծառայելու, այլապես չէին կարող գոյատեւել։
«Ամուսինս օրուգիշեր ա անում, որ էրեխեքի կարիքները կարողանա ապահովել։ Ուզում էր Ռուսաստան գնալ, որ էրեխեքին կարենանք կրթության տանք։ Շատ ա տխրում, ասում ա՝ 25 տարի ա ծառայում եմ, բայց անընդհատ պակասություն։ Էրեխեքն էլ են հոգնել էս հոգսերից», — պատմում է 39-ամյա Աննան, ապա շեշտում՝ Թալիշում ոչ մի բանի կարիք չեն ունեցել։
«Չկա»-ները շատ են
Այստեղ նրանց ունեցածը մեկ կով է, որը պետությունից մեկ տարի ստացած 68 հազար դրամներից տնտեսած գումարով են գնել ու դժվարանում են պահել։ Բազմազավակ ընտանիքի նպաստի 60 հազարով եւ ամուսնու 200 հազար դրամ աշխատավարձով անգամ սննդի եւ կոմունալ վճարների հարցը չեն կարողանում լիարժեք լուծել, ուր մնաց՝ կովի խոտը հասցնեն կամ վառելափայտ գնեն։
44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված եւ տունը կորցրած ընտանիքներին բնակարային կարիքը ժամանակավոր բավարարելու նպատակով Արցախի կառավարության կողմից հատկացվող ամսական 40 հազար դրամ էլ պետք է ստանան։ Ասում են՝ ծրագիրն արդեն հաստատվել է։
Կարիքի կողքին նաեւ շատ անհարմարություններ կան, որոնք, ըստ Աննայի, իրենց սոցիալական վիճակի հետ թեեւ այնքան էլ կապ չունեն, բայց մեկ է՝ հոգս են․ ուրիշի տուն՝ առանց հարմարությունների, ջրի, գազի, տրանսպորտ չկա եւ այլն։
«Պայմանն էնպես ա, որ վարձը տալու փոխարեն տունը սարքենք, բայց չենք հասցնում։ Գնում եմ, ծառերից ճյուղեր պոկում, որ տաքացնեմ ջուրը, էրեխեքը լողանան։ Տղաս ժամը հինգին վեր ա կենում, հետեւում կովին, հետո էլ պետք ա լվացվի, որ գնա Ստեփանավան՝ քոլեջ։ Անվճար ա սովորում, բայց գնալ-գալն ա ծախսատար, տրանսպորտ չկա։ Պատահական մեքենաներով ա գնում-գալիս։ Բայց եթե հասցնում ա, ավտոբուսով ա գալիս,- պատմում է Աննա Դանիելյանը եւ ավելացնում,- երեխաները չեն սիրում, երբ խոսում եմ իրենց կարիքների մասին»։
Թալիշում ծնված-մեծացած Աննան ուզում է, որ երեխաներն այլ՝ ավելի լավ կյանք ունենան, կրթվեն, որ հետո ստիպված չլինեն տարբեր դռներ ծեծել։ Այս ընթացքում նա փորձել է նաեւ Ստեփանավանի Զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցվել։ Չի ստացվել, որովհետեւ դեռ Արցախի քաղաքացի է, եւ անձնագրում բնակության հասցեն Թալիշ է նշված։
«Արցախի շտաբից էին կանչել, ասում են՝ օգնություն կա, արի՛, ստացի՛ր։ Երկու ձեթի, սննդի համար 20 հազար դրամ տաքսու փող եմ տալու, որ գնամ, բերեմ։ Էդ գումարով նույն բանը էստեղից կառնեմ»,- ասում է Աննան։
Իսկ տաքսիով Երեւան գնալու այլընտրանքը Ալավերդի-Երեւան սովորական երթուղայինն է, որը Յաղդանով է անցնում։ Աննան ասում է՝ կկարողանա մայրաքաղաք հասնել, բայց գործերն անել եւ նույն օրը վերադառնալ չի կարող։
Տվյալներ Արցախի շտաբից
Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի տվյալներով՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի տարբեր մարզերում ժամանակավոր ապաստանած, Արցախից բռնի տեղահանված շուրջ 20 500 քաղաքացի կամ 5300 ընտանիք է ապրում։
Նրանց միայն 26%-ն է Երեւանում բնակվում։ Ձեւավորված համեմատաբար խոշոր համայնքները Սյունիքի, Արարատի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերում են, իսկ ամենափոքրը՝ Տավուշում։
Նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գտնվող 21 000 մարդուց կամ 5400 ընտանիքից մինչեւ 2022-ի դեկտեմբերի 12-ը՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, Արցախի տարբեր բնակավայրեր է տեղափոխվել 82 ընտանիք կամ 338 անձ, որոնցից 134-ը՝ անչափահաս։
«Անցած ժամանակահատվածում գործարկվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք բոլորն էլ, բացառությամբ Արցախ վերադարձի եւ վերաբնակեցման ծրագրի, շարունակվում են։ Իսկ նշված ծրագրի խափանումը, պարզ է, կապված է շրջափակման հետ»,- «Ալիք Մեդիա»-ին հայտնեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի լրատվական ծառայության ղեկավար Կարեն Միրզոյանը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։