Ուզբեկստանը վաճառքի է հանել եզակի արտադրանք՝ կորոնավիրուսը չեզոքացնելու ունակ իմունային կաթ։ Ըստ Ուզբեկստանի բարձրագույն կրթության, գիտության եւ նորարարության նախարարության մամուլի ծառայության՝ Կարակալպակիստանի մայրաքաղաք Նուկուս քաղաքում գործող PanaevFarms ընկերությունը սկսել է SARS-CoV-2-ը չեզոքացնելու հատկություն ունեցող իմունային կաթի եւ կաթնամթերքի արտադրությունն ու վաճառքը։
Կորոնավիրուսի դեմ իմունային կաթ ստանալու նախագծի վրա աշխատանքները մեկնարկել են Նորարարական զարգացման նախարարությանն առընթեր մոլեկուլային ալերգոլոգիայի միջազգային կենտրոնն ու Վիեննայի բժշկական համալսարանը 2021-ին։ Որպես փորձ՝ PanayevFarms-ը Ավստրիայից եւ Գերմանիայից ներմուծված բուծվող հոլշտեյն կովերին տվել է ուզբեկ-չինական ZF-UZ-VAC2001 պատվաստանյութի 3 չափաբաժին:
2022-ին ռեկոմբինանտ ZF-UZ-VAC2001 պատվաստանյութով պատվաստված կովերի իմունային կաթի վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ չեզոքացնող հակամարմինները ստեղծվել են երկրորդ դեղաչափից երկու շաբաթ անց: 2022-ի հոկտեմբերից PanayevFarms-ում սկսվել է Immune Milk ապրանքանիշով պաստերիզացված կաթի փոքրածավալ արտադրության տեխնոլոգիական գծերի փորձարկումը:
Կորոնավիրուսային վարակի դեմ նոր սերնդի իմունային կաթի ստացման արդյունքների վերաբերյալ գիտական հոդվածը հրապարակվել է հեղինակավոր գիտական Frontiers in Nutrition ամսագրում: Փորձագետները կարծում են, որ արտադրանքի արտադրությունը հատկապես կարեւոր է այն պայմաններում, երբ ԱՀԿ-ն հայտարարեց աշխարհում Eris omicron մանրէահիմքի նոր տարբերակի արագ տարածման մասին։