Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը բրիտանական The Guardian պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ ներկայում Ուկրաինան աշխարհի ամենաշատ ականապատված երկիրն է: Ռեզնիկովը նշել է, որ երկրում կան հարյուրավոր կիլոմետրանոց ականապատ դաշտեր, միլիոնավոր պայթուցիկ սարքեր, ճակատի որոշ հատվածներում մինչեւ հինգ ական՝ մեկ քառակուսի մետրի համար: «Ռուսական ականապատ դաշտերը լուրջ խոչընդոտ են մեր զորքերի համար, բայց ոչ անհաղթահարելի»,- ընդգծել է նա եւ հավելել, որ Ուկրաինան ունի որակյալ սակրավորներ եւ ժամանակակից սարքավորումներ, «բայց դա ծայրահեղ անբավարար է ճակատի համար, որը հարյուրավոր կիլոմետրեր է ձգվում Ուկրաինայի արեւելքում եւ հարավում»:
Ըստ The Guardian-ի՝ ուկրաինական զինված ուժերում սակրավորների թիվն անբավարար էր ռուսական համալիր պաշտպանությունը ճեղքելու համար 600 մղոն (1000 կմ) ձգվող հսկայական ճակատում, որտեղ սակրավորների ստորաբաժանումները խիտ կրակի թիրախ էին։
Դնեպրի Մեչնիկովի անվան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սերգեյ Ռիժենկոն ասել է, որ հիվանդանոցում, որտեղ բուժվում է ամենածանր վիրավորների մեծ մասը, օրական ընդունում է 50-100 զինծառայող, ընդ որում, որպես կանոն, հրետանուց հետո նրանց ստացած վնասվածքների պատճառն ականներն են: