Օգոստոսի 14-ին՝ 00։30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի հատվածում խոշոր ու ողբերգական ավտովթար է եղել: Բախվել են Volkswagen մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ ZIL մակնիշի բեռնատարը: Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տվյալներով՝ պատահարի հետեւանքով 11 մարդ մահացել է, կան վիրավորներ: Գյումրու բժշկական կենտրոնից հայտնում են, որ իրենց մոտ հոսպիտալացվել են վեց վիրավոր, որից մեկին տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» ԲԿ:
Նշենք, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհին վթարները, ցավոք, օրինաչափություն են դարձել: Լրագրող Արման Գալոյանը, որ ժամերի տարբերությամբ է երթեւեկել տվյալ հատվածով, նկատառում է արել թեմայի շուրջ. «Մեզանում ճանապարհների կահավորումը սարսափելի վատ վիճակում է, կարծես դեռ միջնադարում լինենք։ Ամբողջ ճանապարհին երթեւեկության նշաններն այնպիսին են, որ կարող ես հանգիստ ասել՝ չկան դրանք։
Բայց շատ ավելի աղետալի վիճակում է մայրուղիների լուսավորությունը, շատ տեղերում տասնյակ կիլոմետրերով լուսավորությունը պարզապես բացակայում է։ Ու սա միայն այս մայրուղում չէ. նաեւ դեպի Վանաձոր, դեպի Դիլիջան հատվածում է այսպես։ Չնչին բացառություն է, ասենք, Աշտարակի հատվածը կամ Սեւանի մոտ․․․ Բայց ընդհանուր առմամբ լուսավորություն չկա: Հատկապես մութ ժամերին երթեւեկելը մայրուղիներով դառնում է չափազանց դժվար, եթե կուզեք՝ գերմարդկայն, հերոսական արարք»: