Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Վեոլիա ջրին» առնչվող խնդիրներին, ջրանջատումներին։ Փոխքաղաքապետը նշել է, որ պարբերաբար բողոքներ է ստանում։ Նրա հարցին, թե վթարային ջրանջատումների քանակը նորմայից ավելի՞ է եղել, «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ի ներկայացուցիչը հաստատել է, որ վերջին շրջանում վթարային ջրանջատումների քանակը նորման գերազանցել է։
«Պատճառը հին, քայքայված ջրագծերն են»,– ընդգծել է ՓԲԸ ներկայացուցիչը։
ՀՀ մի շարք մարզերում եւ Երեւանի տարբեր համայնքներում վերջին շրջանում պարբերաբար ջրանջատումներ են լինում։ Քաղաքացիներն ահազանգում են` որ ամռան այս շոգ ամիսներին` +40…+42 աստիճանի պայմաններում, անթույլատրելի են նման քանակով ջրանջատումները։
Ավելի վաղ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ բողոքները «Վեոլիա ջրից» շատացել են։ Նա ակնարկել է, որ «Վեոլիա ջրում» փողի պակաս եւ մեծ ներդրումների կարիք կա։ Միաժամանակ Բաղրամյանը չի պարզաբանել, թե ինչպես են ապահովելու ներդրումները՝ սպառողի համար ջրի վարձը թանկացնելո՞վ, թե՞ կողմնակի միջոցներով։