Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի պատասխան ԼՂ մարդասիրական ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ին Հայաստանի դիմումի, հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին մեղադրում է Ադրբեջանի հետ նոր պատերազմի ցանկության համար։
«Վերջին օրերին Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով հերթական ռազմական արկածախնդրության նպատակով Հայաստանի զինված ուժերի սպառազինության, այլ զինտեխնիկայի եւ անձնակազմի մեծածավալ կուտակումներ են եղել։
Հայաստանի նման գործողությունները ցույց են տալիս, որ Երեւանը չի դադարեցրել իր տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչումը տարբերվում է «տեղում» արվող գործողություններից։
Դրանով պայմանավորված՝ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված բոլոր օրինական միջոցներով»,- օգոստոսի 14-ին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։