«Լեռնային Ղարաբաղում արդեն ցեղասպանություն է ընթանում, ինչը համապատասխանում է Ցեղասպանության կանխարգելման եւ պատժելու մասին կոնվենցիայի II հոդվածի «ցեղասպանություն» հասկացության սահմանմանը»,- կրկին մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ թվիթերյան իր գրառման մեջ շեշտել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Նա հավելել է, որ հիմա առաջնային խնդիրն է դադարեցնել այն Լաչինի միջանցքի ապաշրջափակման միջոցով։ Նոր գրառման մեջ ՄՔԴ նախկին դատախազը հիշեցրել է, որ Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից 153 պետություններ պարտավորվել են կանխել ցեղասպանությունը եւ պատժել այն: Այդ երկրների թվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող պետությունները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա)։ Այս համատեքստում նա նշել է, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստ անցկացնելու խնդրանքով:
Օկամպոն փաստել է նաեւ, որ ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիան մանրամասնորեն սահմանում է ցեղասպանության հանցագործությունը, ներառյալ որպես «որեւէ խմբի համար այնպիսի կենսապայմանների կանխամտածված ստեղծում, որոնք նախատեսված են դրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման համար»: Այսպիսով՝ նա պարզաբանել է, որ ցեղասպանություն կարելի է համարել ոչ միայն մարդկանց զանգվածային ոչնչացումը, այլեւ նրանց զանգվածային մահվան համար պայմանների ստեղծումը։ Նման պայմաններ, ինչպես հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը, արդեն ստեղծվել են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար` սննդամթերք, դեղորայք եւ այլ կենսական անհրաժեշտություն ունեցող պաշարներ մատակարարելու միակ ազատ միջանցքի լիակատար շրջափակման հետեւանքով:
Ըստ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի՝ դեռ հնարավոր է կանխել ցեղասպանության այլ ձեւերը, ինչպիսիք են զանգվածային սպանությունները կամ մարմնական եւ հոգեկան խեղումները: Ավելի վաղ ՄՔԴ նախկին դատախազ Օկամպոն հրապարակել էր իր եզրակացությունը՝ Լաչինի միջանցքի արգելափակումը որակելով որպես Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանություն, իսկ սովը՝ ԼՂ հայերին բնաջնջելու միտված Բաքվի անտեսանելի զենք։