Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 14-ին՝ 00։30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի հատվածում խոշոր եւ ողբերգական ավտովթար է եղել: Բախվել են Volkswagen մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ ZIL մակնիշի բեռնատարը: Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տվյալներով՝ պատահարի հետեւանքով 11 մարդ մահացել է, կան վիրավորներ:
Ըստ տարածված տեղեկությունների՝ վթարի ենթարկված ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից, որի կազմակերպիչը «Համշեն տուր» տուրիստական գործակալությունն է:
Գյումրու բժշկական կենտրոնից հայտնել էին, որ իրենց մոտ հոսպիտալացվել են վեց վիրավոր, որից մեկին տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» ԲԿ:
Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը «Ալիք Մեդիային» տեղեկացրեց, որ վեց հիվանդներից չորսի վիճակը ծանր է եղել: Տուժածներից եւս երեքին արդեն տեղափոխել են մայրաքաղաքի մասնագիտացված բուժհաստատություններ։
Գյումրիում այս պահին բուժվում են վթարից տուժած երկու քաղաքացիներ, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսինը՝ ծայրահեղ ծանր:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ քննչական կոմիտեն առաջիկայում հանդես կգա դեպքի վերաբերյալ թույլատրելիության սահմաններում ավելի համապարփակ տեղեկության հրապարակմամբ։