Ըստ Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության՝ մայրաքաղաքում վերելակների փոխարինման ծրագիրը շարունակվում է մեծ ծավալներով։ 2020 թվականից մեկնարկած ծրագրի շրջանակում փոխարինվել է 1021, վերանորոգվել՝ 516 վերելակ։ 2023-ին նախատեսվում է փոխարինել 700-ը, 100-ի տեղադրման աշխատանքները սկսվել են, 24-ը հանձնվել է շահագործման: Ներմուծված նոր վերելակներն արտադրված են Բելառուսում։
«Երեւանյան շենքերի վերելակների շահագործման ժամկետը 25 տարի է, բայց դրանք ավելի քան չորս տասնամյակ սպասարկում են քաղաքացիներին։ Շարժիչից մինչեւ խցիկ. ամբողջությամբ նոր վերելակները հագեցած են անվտանգության եւ հովացման տարբեր համակարգերով: Նոր վերելակները հարմարավետ են նաեւ հենաշարժողական ու տեսողական խնդիրներով անձանց համար»,- նշված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:
Ամբողջությամբ նոր վերելակները նաեւ էներգախնայող են եւ մոտ 50 տոկոսով նվազեցնում են էլեկտրաէներգիայի ծախսը։ Էլեկտրականության անջատումների դեպքում կգործի ժամանակակից համակարգ, որի շնորհիվ խցիկը չի կանգնի, կհասնի հաջորդ հարկ, իսկ դռներն ավտոմատ կբացվեն։