Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտնել է, որ ԱՄՆ-ը Իրանին է տրամադրել անհրաժեշտ բոլոր երաշխիքները բանտարկյալների փոխանակման եւ Իսլամական Հանրապետության ակտիվների ազատման համար։ Քանանին նշել է, որ Իրանի կառավարությունը եւ նրա դիվանագիտությունը կջանան օգտագործել իրենց հնարավորությունները։ Գործարքի շրջանակում Իրանը 6 միլիարդ դոլար գումարի հասանելիություն կստանա, որը սառեցվել է Հարավային Կորեայի բանկերի հաշիվներում ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Ակնկալվում է, որ իրանական ակտիվների արգելափակումը կվերացվի, եւ դրանք կփոխանցվեն Կատար:
Նա հավելել է, որ Իսլամական Հանրապետության ֆինանսական միջոցներն արգելափակվել էին ԱՄՆ-ի ճնշման ներքո անօրինական հիմքով, իսկ մի շարք իրանցիներ՝ ձերբակալվել կեղծ պատրվակներով։ «Այս երկու հարցերն էլ եղել են Նախարարների կաբինետի օրակարգում։ Բանտարկյալների փոխանակման գործընթացը, ինչպես նաեւ ֆինանսական միջոցների ազատումը, որոնք պատկանում են Իրանի կառավարությանն ու ժողովրդին, կիրականացվեն երկուստեք համաձայնությամբ եւ սահմանված կարգով»,- նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության են եկել բանտարկյալների փոխանակման հարցի շուրջ։ Նույն օրը Սպիտակ տունը հաստատել է համաձայնության փաստը, սակայն հորդորել է սպասել Իսլամական Հանրապետությունից ԱՄՆ քաղաքացիների վերադարձին, որպեսզի վերջնականապես հայտարարվի գործարքի ավարտի մասին։