Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանային գոտում զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում չի տեսնում։ ԵՄ առաքելությունը շեշտում է, որ ամենօրյա ռեժիմով հետեւում է ռազմական եւ անվտանգային իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանային գոտու երկայնքով պարեկություն իրականացնող 4 օպերատիվ բազաներից:
«Ելնելով տեղում առկա տեղեկությունից՝ չենք տեսնում զորքերի արտասովոր տեղաշարժ կամ կուտակում, հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ»,- Թվիթերի իր էջում հայտարարել է Հայաստանում առաքելության իրականացնող Եվրամիության դիտորդական խումբը։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ եվրոպացի դիտորդների հայտարարությունը հնչում է հայկական կողմի հասցեին պաշտոնական Բաքվի մեղադրանքների պայմաններում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն օգոստոսի 14-ին պնդել է, թե իբր Հայաստանի զինված ուժերը մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա եւ անձնակազմ են կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին։