ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ օգոստոսի 14-ին՝ 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետեւանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զենքերից Վերին Շորժայի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաեւ ավելի վաղ՝ օգոստոսի 13-ին՝ 20։30-20։50-ի սահմաններում։ Հուլիսի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների՝ Տեղ գյուղի մոտակայքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների հետեւանքով միջին ծանրության վնասվածք էր ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն։
Ավելի ուշ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցից վնասված ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ «Վիրահատվել է կայազորային հոսպիտալում, տեղափոխվել Կենտրոնական հոսպիտալ: Վիճակը գնահատվում է ծանր, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,– հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանը։