Հռչակավոր Քելվին Քորդոզար Բրոդուս Կրտսերը կամ հանրահայտ Սնուփ Դոգը հայտնի է թմրանյութերի հանդեպ կրքով: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ նրա համերգային պայմանագրերում կա հատուկ կետ, ըստ որի՝ «նա կարող է թմրանյութ օգտագործել այն պահին, երբ կուզի»:
Սեպտեմբերի 23-ին հայտնի ռեփերը կերգի Երեւանի «Հրազդան» մարզադաշտում: Նրա համերգի կազմակերպիչ «Դոփինգ Սփեյս» կազմակերպության համահիմնադիր ղեկավար Հայկ Սիմոնյանը թերթին ասել է, որ այստեղ Դոգի համար թմրանյութ ճարելու խնդիր չկա։
«Մենք նախքան պայմանագիր կնքելը հարցում ենք արել թե՛ ռայդերը, թե՛ պայմանագիրը, եւ այնտեղ ոչ մի կետ չի եղել այդ մասին, բայց, այդուհանդերձ, մենք տեղեկացրել ենք, որ մեզ մոտ դա անօրինական է: Պայմանագիրը ստորագրել եմ ես, բոլոր կետերին մանրամասն ծանոթ եմ, քանի որ իրենց հետ քննարկել ենք կետերը եւ ոչ թե հանել ենք այդ կետը, այլ պարզապես նման կետ չի եղել»,- ասել է Սնուփ Դոգի համերգի հայաստանյան կազմակերպիչը:
Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ օրենքով արգելվում է ցանկացած տեսակի թմրանյութի վաճառքը հանրապետության տարածքում: