Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում ոռոգման ջրի խնդիր կա։ Բանջարանոցները մասնակի, որոշ տեղերում էլ ամբողջապես վնասվում են ու չորանում։
Այգեզարդ բնակավայրի վարչական ղեկավար Պետիկ Հակոբյանն ասում է՝ իրենց բնակավայրում ավելի շատ լոլիկ են աճեցնում, քանի որ ջրի սակավությունից որոշ բույսեր փչանում են։
«Շաբաթվա ընթացքում չորս օր կարող է ջուր լինել, երեք օր՝ չլինել։ Ոռոգման ջուր լինելու դեպքում ջուրն առաջին հերթին հատկացնում ենք բանջարանոցներ ունեցողներին»,- բացատրում է Պետիկ Հակոբյանը։
Այնուամենայնիվ, որքան էլ փորձում են համակարգել ջրելու հերթերը, օրերով ոռոգման ջուր չունենալու պատճառով բույսերը վնասվում են։ Պտղատու ծառերն էլ ջրի կարիք ունեն։ Որոշ պտուղներ՝ խնձորը, տանձը, պիտի հասունանան, եւ քանի որ ծառերը նորմալ չեն ջրվում, դա ազդում է բերքի որակի վրա։
Քաղցրաշեն, Նարեկ, Նորաշեն եւ այլ համայնքներում էլ բանջարանոցների մեծ մասը չորացել է։ Պտղատու ծառերի բերքն էլ ժամանակին չջրվելու պատճառով մանր է մնացել, թառամել է։
Նարեկում ոռոգման ջուրը պոմպակայանով է աշխատում, պոմպերի աշխատանքն էլ հաճախ խաթարվում է, ինչի հետեւանքով որոշ հատվածներում ծառերը կարող են մի ամիս չջրվել։ Աստղիկ Հովհաննիսյանն ասում է՝ բանջարանոցի մի մասը չորացել է, ծառերն էլ վերջին անգամ ջրվել են 20 օր առաջ։ Այսպիսի շոգ եղանակին պտղատու ծառերը պետք է ջրել գոնե տասն օրը մեկ, բայց Նարեկում 20-30 օրը մեկ են ջրում։
«Վաղահաս սորտերի պտուղները շատ մանր չմնացին, քանի որ շոգն այսքան սաստիկ չէր, բայց հիմա ահավոր շոգ է, ոռոգման ջուր էլ չկա, հետեւաբար մեր դեղձն ու խնձորը, որ շուտով պիտի հասնեն, մանր են մնացել չջրվելու պատճառով։ Մեզնից կախված չէ․․․ ցավոք, մեր բերքը մեր աչքի առաջ այսպես փչանում է»,- ասում է Աստղիկ Հովհաննիսյանը։